Հայաստանի ուսանող մարզիկներն ԱՄՆ-ում մասնակցում են ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային

Հայաստանի ուսանողական պատվիրակությունը հունվարի 12-22-ն ԱՄՆ Լեյկ Փլասիդ քաղաքում կմասնակցի ձմեռային համաշխարհային 31-րդ ունիվերսիադային, որն Օլիմպիական խաղերից հետո ձմեռային մարզաձևերի ամենամեծ ստուգատեսն է:
Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 6 մարզիկներ, որոնք հանդես կգան 4 մարզաձևում: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն մենասահորդ Մարինա Ասոյանը, Արթուր Գրուզդև-Վիկտորյա Ազրոյան գեղասահքի պարային զույգը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և սնոուբորդիստ Նորիկ Թադևոսյանը:
Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ հայ մարզիկները բավական լավ են պատրաստվել առաջիկա ստուգատեսին:
Համաշխարհային 31-րդ ունիվերսիադայի բացման արարողությունը կայանալու է հունվարի 12-ին: Արդեն հունվարի 13-ին համաշխարհային ուսանողական խաղերում կմեկնարկեն դահուկավազքի և գեղասահքի մրցումները:
ՀՀ պատվիրակությունը մասնակցություն է ունեցել վերջին երեք ձմեռային ունիվերսիադաներին: Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի դեռևս միակ մեդալը 2017 թվականին նվաճել է դահուկորդ Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի ազատ ոճի 10 կմ մրցաձևում նա 27.04 արդյունքով գրավել է 3-րդ տեղը և արժանացել է բրոնզե մեդալի: Ի դեպ, Սերգեյ Միքայելյանը դահուկորդ Միքայել Միքայելյանի եղբայրն է: