Զարթուցիչ

Գյուտեր, որոնց հեղինակները պատանիներն են. Զարթուցիչ

Վաղը՝ հունվարի 17-ին նշվելու է երեխաների գյուտերի միջազգային օրը:

Գիտե՞ք, թե ինչ ընդհանրություններ ունեն ջրային դահուկները, մորթյա ականջակալները, փայտիկով մրգե պաղպաղակներն ու բրայլյան տառերը: Այո, այս ամենը հորինել են երեխաները:

Ամեն տարի ավելի քան 500 հազար երեխաներ և դեռահասներ հորինում են տարբեր գաջեթներ և խաղեր, ստեղծում նոր ռոբոտներ և սարքավորումներ։ Բոլոր մանկական գյուտերը, անկասկած, մեր կյանքն ավելի հարմարավետ և հետաքրքիր են դարձնում։ Տոնը այն օրն է, երբ մենք պետք է ուրախանանք մեր տաղանդավոր տարեկիցների հնարամտությամբ, գնահատենք նրանց բազմաթիվ գյուտերի նշանակությունը:

Երեխաների գյուտերի , կամ գյուտարար երեխաների օրը ստեղծվել է ոչ միայն տաղանդավոր պատանիներին մեծարելու, այլ նաև նրանց խրախուսելու ստեղծագործական կարողությունները հանրօգուտ նպատակներին ծառայեցնելու համար։

Խորհրդանշական է, որ ընտրվել է նշանավոր ամերիկացիներից մեկի՝ պետական ​​գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը։ Բեն Ֆրանկլինը դեռ 12 տարեկան էր, երբ հորինեց իր առաջին գյուտը` լողալու զույգ լաստեր, որ կրում էին թևերին։

Հետագայում նա շարունակեց իր գիտական ​​հետազոտությունները և, բազմաթիվ փորձեր կատարելով, անգնահատելի ներդրում ունեցավ համաշխարհային գիտության մեջ։ 

Ֆրանկլինը ներկայացրեց «+» և «-» էլեկտրական լիցքավորվածության իրավիճակը, ապացուցեց կայծակի էլեկտրական բնույթը։ Նա ճոճաթոռի դիզայնի հեղինակներից է, իսկ 1784 թվականին հորինել է երկֆոկալ ակնոցներ։ Ընդ որում, սա գիտնականի գյուտարարական ժառանգության մի փոքր մասն է միայն։

Ի դեպ՝ գիտեք՞ որ Ալյասկայի դրոշի հեղինակն էլ մեր տարեկիցն է։   Ֆրանկլինի երիտասարդ հայրենակիցը՝ 13-ամյա Բենի Բենսոնը, 1926 թվականին իր էսքիզը ներկայացրեց Ալյասկայի ազգային դրոշի մրցույթին։ Կապույտ գույնը, որը խորհրդանշում էր երկինքը և պետության պաշտոնական ծաղիկը` անմոռուկը, Մեծ Արջի համաստեղության և Հյուսիսային աստղի պատկերը տղային բերեցին հաղթանակ: Անկասկած, Ալյասկայի դրոշն այսօր էլ շատ ոճային տեսք ունի։

Իսկ բատուտը. Նրա ստեղծման գաղափարն առաջացավ 1930-ին, օդային մարմնամարզիկների մրցումները դիտելիս։  16-ամյա Ջորջ Նիսսենը ուշադրություն հրավիրեց, թե ինչպես են մարմնամարզիկները ցատկում անվտանգության ցանցի վրա իրենց ելույթի ավարտին: Պատանին մտածեց և որոշեց ստեղծել «ցատկահարթակ», որի վրա կարելի էր ցատկել և օդում տարբեր հնարքներ կատարել։

Մենք կարող եք անվերջ թվարկել երեխաների գյուտերը՝ հիշելով անմատ ձեռնոցները, քառակուսի հատակով թղթե տոպրակը և հաշվիչը՝ այս ամենը մեր կյանք է մտել շնորհիվ պատանի գյուտարարների։ Հայաստանում էլ քիչ չեն գյուտարար երեխաները։ Այնպես որ մենք շնորհավորում ենք նրանց և սպասում նոր ձեռքբերումների:

Ցուցադրել ավելի
Back to top button