Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որը ստորագրեց Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։
Հայաստանը հռչակագրի ստորագրմամբ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով ծրագիրը շատ կարևոր գործընթաց է, և նախարարության ռազմավարության մշակման շրջանակում ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ աշխատանքը կարող է օգնել երեխաների և երիտասարդների մասով ճշգրիտ լուծումներ գտնելուն։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: «Երեխաները ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են ավելի ու ավելի շատ երեխաներ ու երիտասարդներ միավորվում գործողություններ իրականացնելու կոչերով: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»,-ասել է նա:
Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՅՈւՆԻՍԵՖ–ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ։ Շարունակվելու է դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ` բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին` կլիմայի փոփոխությունը մեղմելու համար։