Մայրիկի դպրոց

Մա՞մ, բա դու ասու՜մ էիր․․․

Հոգեբան Լուսինե Աղաբեկյանի հետ խոսում ենք երեխայի դաստիարակության գործում ծնողների խոսքի, խրատի և արարքների համարժեքության մասին։

Ծնված օրից մենք՝ ծնողներս, դաստիարակում ենք մեր զավակներին ըստ մեր պատկերացրածի, ըստ այն ավանդույթների, որոնք կան մեր ընտանիքներում, ըստ այն նորմերի, որոնք ընդունված են հասարակության մեջ։ Դաստիարակության անբաժանելի մասն են  խրատները, կարելիի և չի կարելիի մասին զրույցները։ Բայց ասում են, որ դաստիարակության ամենագործուն տարբերակը անձնական օրինակն է։ Մի՞շտ են մեր անձնական օրինակն ու խրատները համարժեք։

Լ․ Աղաբեկյան – Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխայի համար ամենակարևոր տեղեկատվության աղբյուրը տեսողական տեղեկատվությունն է։ Այսինքն՝ մենք կարող ենք շատ երկար խոսել երեխայի հետ ինչ–որ բանի մասին, կարող ենք 10 անգամ նույն միտքը կրկնել, նույն պահանջը ներկայացնել, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ է երեխան տեսնում։ Հետևաբար, եթե մենք 100 անգամ երեխային ասենք՝ աղբը մի՛ թափիր գետնին, բայց մենք ինքներս այդ աղբը գցենք փողոցում, բնականաբար, երեխան դա է կրկնելու։ Եթե մենք երեխային 20 անգամ ասենք՝ գիրք կարդա՛, բայց ինքը մեզ երբեք չի տեսնում գիրք կարդալիս, այդտեղ ինչ–որ հարցեր են առաջանում։ Հետևաբար, դաստիարակության մեջ շատ կարևոր է սկսել ինքներս մեզնից։

Կարծում եմ, ցավոք, միշտ չէ, որ մեր խոսքերն ու գործողությունները համարժեք են։ Այդ հակասությունը ինչ–որ չափով անխուսափելի է․ երևի ոչ մեկս չենք կարող միշտ ասել և անել նույնը, որովհետև լինում են պահեր, որ հանգամանքներ են փոխվում կամ ինչ–որ ներքին խնդիրներ մեզ թույլ չեն տալիս անել մեր ասածը, բայց, եթե դա անընդհատ է տեղի ունենում, վնասում է մեր երեխային, որովհետև երեխան երկու տարբեր հաղորդագրություններ է ստանում և դրանից կարող է շփոթվել։

Ես կուզենայի տարանջատել «խոսել» և «խրատել» բառերը։ Շատ կարևոր է, որ մենք խոսենք երեխայի հետ, տեղեկատվություն տանք տարբեր երևույթների մասին, օրինակ, ուտելիքը պետք է սառնարանի մեջ պահել, որ չթթվի կամ, ասենք, հագուստը պահարանի այս հատվածում ենք դնում, այսինքն՝ ավելի շատ խոսում, բացատրում, տեղեկատվություն ենք տալիս։ Իսկ «խրատել» ասելով ավելի շատ բարոյախրատական տեքստերն եմ հասկանում, որոնք շատ քիչ արդյունավետություն ունեն։ Ուղիղ, երկար տեքստը, որ ասում ենք երեխային մեր կյանքի փորձից ելնելով, իրականում շատ քիչ արդյունավետություն է ունենում։ Փոխարենը՝ ավելի կարևոր է, որ մենք կարճ, համառոտ, երեխայի համար հասանելի բառապաշարով տանք իրեն որոշակի տեղեկատվություն, և արդեն իր կյանքում, իրեն հանդիպած իրավիճակներում դրանց հետ կապված վերլուծություններ անենք, քննարկում անենք։ Դրա համար ես կուզենայի տարանջատել «խոսելն» ու «խրատելը», որվհետև խոսելու մեջ մենք ակտիվ ներգրավում ենք երեխային։ Դա զրույց է, այլ ոչ թե մենք մենախոսում ենք ու դասախոսություն կարդում։

Ցուցադրել ավելի
Back to top button