Ինչո՞վ է առանձնանում հունվարի 25-ը օրացույցում։ Գիտե՞ք որ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի «Հարսանեկան» հանրահայտ քայլերգն արդեն 180 տարեկան է։ Առաջին անգամ այն հնչել է 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Ուիլյամ Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ» ներկայացման պրեմիերայի ժամանակ։ Բայց մեծ ժողովրդականություն է ձեռք բերել 1858 թվականի հունվարի 25-ին, երբ հնչել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի պսակադրության ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր «Հարսանեկան» քայլերգը դարձել է ամուսնական արարողությունների գեղեցիկ երաժշտություններից մեկը։
Օրը նշանավոր է նաև նրանով, որ 1922 թվականի հունվարի 25-ին Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Առաջին ներկայացումը եղել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»։ Թատրոնի առաջին դերասաններ են եղել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Արուս Ոսկանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և ուրիշներ։ Նրանք իրենց մեծ ներդրումն են ունեցել թատրոնի հետագա զարգացման գործում։
Հայտնի մարդկանցից այս օրն են ծնվել հայ արձակագիր և դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, ռուս բանաստեղծ և երգիչ Վլադիմիր Վիսոցկին և ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը։
Այսքանը օրվա մասին։
Փետրվարի 3-ից 5-ը «TUMO Labs»-ում կկայանա խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ հաքաթոնը՝ «Global Game Jam»-ը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Հաքաթոնին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են ու կարող են 48 ժամվա ընթացքում թիմով նոր, ցանկացած ոճի խաղ ստեղծել ՝ կլինի այն սեղանի, վիդեո կամ այլ տարբերակով։ Ի դեպ խաղերի ստեղծման փորձ ու մասնագիտական հմտություններ ունենալը պարտադիր չէ, հարկավոր է միայն ունենալ համակարգիչ, մոնիտոր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ սարքավորումներ ու իհարկե երևակայություն։ Ասենք նաև, որ մասնակցությունն անվճար է, իսկ գրանցվել կարող եք «Global Game Jam»-ի կայքում։