Փետրվարի 1–2–ին երկրաբնակներս ականատես կլինենք տիեզերական մի այցելության, որի նմանը մեկ էլ 50000 տարի առաջ է եղել։ Խոսքը կանաչ գիսաստղի մասին է։
Այն առաջին անգամ նկատել են 2022 թվականի մարտի 2–ին կալիֆոռնիացի աստղագետներ Բրայս Բոլինը և Ֆրենկ Մասկին։ Նրանք պարզել են, որ գիսաստղը կանաչ գլուխ և դեղնավուն պոչ ունի և որ վերջին անգամ Երկիր մոլորակի կողքով անցել է քարի դարում՝ մոտ 50000 տարի առաջ․․․
Եվ, ասում են, որ կանաչ գիսաստղի հաջորդ հանդիպում մեր մոլորակի հետ այլևս չի լինելու, որովհետև այս հայտնությունից հետո այն դուրս է գալու Արեգակնային համակարգի սահմաններից։
Այնպես որ փետրվարի 1–2–ին բոլոր նրանք, ովքեր սիրում են գիշերային երկինքն ու աստղերը դիտել, հրաշալի առիթ ունեն հիանալու և զարմանալու։ Մասնագետներն ասում են, որ հենց այս օրերին է կանաչ հյուրն առավել պայծառ տեսանելի լինելու Երկիր մոլորակի բոլոր անկյուններից, եթե, իհարկե, ամպամածությունը չխանգարի։
Աստղագետները երկնքում են հետաքրքիր հայտնագործություններ անում, հնագետները՝ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում։ Եգիպտացի հնագետները հռոմեական դարաշրջանի 1800–ամյա քաղաք են հայտնաբերել Լուքսոր քաղաքի հենց սրտում։ Ի դեպ, Լուքսորը հաճախ անվանում են «աշխարհի ամենամեծ բացօթյա թանգարան»։
Քաղաքը կառուցվել է մեր թվարկության երկրորդից երրորդ դարերում և այս տարածքի ամենահին և ամենակարևոր բնակավայրն է եղել։ Պեղված բնակելի կառույցները, աշտարակները, արհեստանոցները մասնագետների համար հետազոտության մեծ դաշտ են բացել։
Առաջարկում ենք ծրագիրը շարունակել մեր հյուրի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն–թանգարանի գիտաշխատող Ինեսա Խաչատրյանի հետ։ Թեման այն կրթական ծրագրերն են, որոնք իրականացնում է թանգարանը։