Մայրիկի դպրոց

Ծնողավարությու՞ն, թե՞ մայրիկավարություն. Մայրիկի դպրոց

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այսօրվա զրույցը երեխաների խնամքի և դաստիարակության հարցում ծնողների համագործակցության մասին է։

«Ծնողավարությունը միայն մայրիկավարություն չէ, այլ երեխայի խնամքի և դաստիարակության համար երկուսի՝ հոր և մոր գործադրվող համատեղ ջանքը», — ասում է մեր հյուրը։

Թվում է՝ պարզ ճշմարտություն է, բայց ինչու՞ է այս պարզ ճշմարտությունը հաճախ անտեսվում, և երեխայի խնամքի և դաստիարակության համար պատասխանատու է համարվում հիմնականում մայրը։

Ա․ Վարդանյան — Կդժվարանամ ասել՝ ակունքները որտեղ են։ Հավանաբար այն ժամանակներում, երբ դերերը հստակ բաշխված են եղել ծնողների միջև, երբ հայրիկները գնացել են որսի՝ սնունդ հայթայթելու, երեխաները մնացել են մայրիկների հետ, և երեխաների խնամքով, դաստիարակությամբ զբաղվել են մայրիկները։ Դժվարանում եմ ասել, թե ի սկզբանե այս գործընթացն ինչպես է զարգացում ստացել, բայց միևնույն ժամանակ դժվարանում եմ նաև պատկերացնել, որ եթե իրավիճակն այնպիսին է, որ երեխան երկու ծնողն էլ ունի՝ կա լիարժեք ընտանիք, երեխայի խնամքով և դաստիարակությամբ, երեխային վերաբերող հարցերով զբաղվում է միայն մայրը։ Այստեղ հայրիկների բացակայությունը մի քիչ արհեստական և անհասկանալի հիմքեր ունի, որովհետև երեխան ունի երկու ծնող, երեխան կարող է հարցեր ունենալ երկու ծնողի հետ կապված, կարող է հարցեր ակնկալել երկու ծնողից, երեխան հուզական կապվածության կարիք ունի երկու ծնողի հետ էլ, և եթե հայրիկը ֆիզիկապես կա ընտանիքում, այս հարցում հոգեպես նրա բացակայությունը, եթե դրա համար չկան լուրջ հիմքեր, իսկապես, անհասկանալի է։ Ուստի շատ կարևոր է ընտանիք կազմելիս հստակ գիտակցել, որ երբ մենք որոշում ենք երեխա ունենալ, մեր ընտանիքը համալրել նոր մարդու գոյությամբ, սա ենթադրում է որոշակի պատասխանատվություններ, և ոչ միայն մայրիկից, ով 9 ամիս իր սրտի տակ կրելու է բալիկին, օգնելու է լույս աշխարհ գալ, այլ նաև խնամքի, հոգատարության, դաստիարակության, սկզբունքների, արժեքների սերմանման հարցում, բնականաբար, հայրիկների դերը չափազանց մեծ է։

Շատ գործոններ կարող ենք թվել, և դժվարանում եմ ասել որևէ բացասական հետևանք, որը կարող է լինել երեխայի զարգացման համար, եթե երկու ծնողը լիարժեք ներգրավված են երեխայի խնամքի և հոգատարության հարցերում։

Հարց — Երբ ինչ–որ իրավիճակում երեխան խնդիր է ունենում, ասենք՝ բակում տարեկիցների հետ հարաբերություններում, ուսման մեջ կամ վարքի որևէ տգեղ դրսևորում է լինում, ծնողներն սկսում են միմյանց մեղադրել։ «Այն, որ իրեն չի կարողանում պաշտպանել դրսում, մայրի՛կ, դու՛ ես մեղավոր»,–ասում է հայրը»։

«Դու՛ ես մեղավոր, որ չի նստում դաս սովորելու»,–ասում է մայրը հորը։ Եվ շատ հաճախ այս ամենը՝ երեխայի ներկայությամբ։

Ա․ Վարդանյան — Միանշանակ է, որ եթե մենք ունենք որևէ հարց, որտեղ համաձայնության չենք գալիս ծնողներով, չարժե դա քննարկել երեխայի ներկայությամբ։ Անկախ նրանից, թե ինչպիսին են ծնողների փոխհարաբերությունները, երկու ծնողն էլ երեխայի համար հեղինակություն են և կարևոր դեր ու տեղ ունեն երեխայի կյանքում, և նրանցից որևէ մեկի ստորադասված լինելը երեխայի ներաշխարհի համար որևէ կերպ նպաստավոր լինել չի կարող։ Եվ եթե մենք ունենք որևէ հարց, շատ ավելի արդյունավետ, գիտակցված և հասուն կլինի, եթե մենք դա ծնողներով քննարկենք առանձին։ Իսկ քննարկման ընթացքում շատ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք․ համատեղ մեղադրանքները մեզ դեպի ու՞ր են տանելու։ Դժվար է ասել, որ կտանեն դեպի լուծումներ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button