Հիթ 1

“What a Wonderful World”- «Ի՜նչ հիասքանչ աշխարհ է․․․». Հիթ 1

Սիրելի երաժշտասերներ, հուսամ, տրամադրված եք լավ երաժշտություն լսելու և բացահայտումներ անելու։ Բացահայտումն էլ, ըստ իս, պարտադիր չէ, որ քեզ ցնցի, հոգիդ տակնուվրա անի ու երկար մտածես՝ տես է՞, բա ինչու՞ մինչև հիմա սրա մասին չգիտեի․․․

Բացահայտումը կարող է լինել նաև համեստ, բայց՝ հետաքրքիր, նոր լույս սփռող արդեն իմացածիդ վրա․․․բայց կարող է լինել նաև դրա հակառակը։ Թե որն է այս դեպքում՝ վերջում ինքներդ կորոշեք։ Ինչևէ․․․ հաղորդումն այս անգամ նվիրել ենք աշխարհի ամենաբարի, ամենապայծառ, ամենալավատեսական երգերից մեկին, որը հիրավի տարիք ու ժամանակ չի ճանաչում։ Նույնիսկ ռոքի այնպիսի ծայրահեղ ֆանատիկոսն, ինչպիսին ձեր խոնարհ ծառան էր ժամանակին, միևնույն է, խոնարհվում է այս փոփ երգի առաջ․․․և այն կատարողի առաջ։

Ով էր կատարո՞ղը՝ ջազի լեգենդ, շեփորի կախարդ Լուի Արմսթրոնգը։

Համարձակվում եմ ենթադրել, որ որոշ երաժշտասերներ երևի արդեն կռահեցին, թե որ երգն եմ ներկայացնելու, եթե այն լավատեսական է, բարի ու պայծառ, կատարողն էլ՝ Արմսթրոնգը։

Բայց միանգամից խաղաքարտերս չբացեմ, մի քիչ խուտուտ տամ ձեր նյարդերը։

Արմսթրոնգից առանձնապես չեմ խոսելու՝  նա այն մեծության արտիստներից է, ում մասին շատ ու շատ է խոսված, ընդամենը պետք է վայելել վարպետի կատարումները և ուրախանալ, որ երաժշտության ու մասնավորապես ջազի պատմության մեջ նման անգերազանցելի արտիստ է եղել՝ պայծառ ուղեցույց աստղ։

Եվ նա մեր այսօրվա հաղորդման հերոս երգը կատարել է պարզապես հրաշալի, մինչդեռ իր՝ երգի ճակատագիրն իսկապես զարմանալի է՝ բարդ, ծանր, աննախանձելի․․․

«Հելլո, Դոլլի» ․․․երգում էր Սեյչման։ Սեյչմա՞ն․․․ո՞վ  է Սեյչման և ի՞նչ է նշանակում Սեյչմա․ հորինովի բառ է, կազմված երկու այլ բառերից՝ «սեյչլ» և «մաութհ»: Սեյչլը մեծ, տարողունակ պայուսակ է, մաութհը՝ բերան։ Լուի Արմսթրոնգի բերանն այնքան մեծ էր, որ ընկերները կատակով այդ մականունն էին տվել նրան։ Իսկ նույն «Հելլո, Դոլլին» պատահաբար չհնչեց մեր եթերում՝ Արմսթրոնգն այդ երգով արդեն դարձել էր շատ հանրաճանաչ, բոլորը հասկացել էին, թե ինչ մեծության արտիստ է նա։ Բոլորը, բացի մի հոգուց։ Այդ մի հոգու անունն էր Լերի Նյութն, իրական անունը՝ Լուիս Նութինսքի, ազգանունից երևի արդեն հասկացաք՝ ազգությամբ հրեա, երաժշտական բիզնեսում մեծ գումարներ տնօրինող, ABC records-ի տերը, որը պայմանագիր էր կապել նույն Արմսթրոնգի հետ այն բանից հետո, երբ «Սեյչման» ընտիր համերգ էր տվել Լաս Վեգասում։

Պատահաբար մտնելով իր ձայնագրման ստուդիաներից մեկը, Լերի Նյութնը հանկարծ հայտնաբերել էր, որ փոխանակ Արմսթրոնգի մասնակցությամբ ձայնագրվի ռիթմիկ, ուրախ, կրակոտ, «սուիթ», ինչպես այն ժամանակ էր ընդունված ասել՝ քաղցր երգ, ինչպես և պայմանավորվել էին՝ չգիտես ինչու ձայնագրվում է բավական դանդաղ, հանգիստ, ռոմանտիկ, անվնաս բառերով երգ։ Երգի անվանումն ինքնին հիացական բացականչսություն էր ասես՝  “What a Wonderful World”- «Ի՜նչ հիասքանչ աշխարհ է․․․»․․․

Լերի Նյութոնը բառացիորեն կատաղեց։ Նա բոլորովին այլ բան էր սպասում։ Սկսեց կշտամբել, վիրավորել, ձայնը բարձրացրեց ու պահանջեց, որ անմիջապես վերջ դրվի ձայնագրմանը։ Բայց նրա առջև սուսուփուս, հեզ, կախ գլուխ մարդիկ չէին կանգնած․․․ մինչև հոգու խորքը վիրավորված երգի հեղինակը՝ George David Weiss-ը, որը Ամերիկյան երգահանների միության նախագահն էր և երգահանների փառքի սրահի անդամ, ի դեպ, նույնպես հրեա, ABC records-ի ամենակարող տիրոջը՝ Լերի Նյութնին բառացիորեն դուրս շպրտեց իր իսկ ձայնագրման տաղավարից։ Այդպես՝ վիրավորված ու ստորացած, Լերի Նյութնը ատեց What a Wonderful World երգն ու չթողեց, որ այն լույս աշխարհ գա, այսպես ասած՝ փորձեց խեղդել օրորոցում։ Ինչ որ հրաշքով վաճառվեց ընդամենը մի քանի հարյուր օրինակ, գրեթե ոչինչ, անգամ այն ժամանակների համար՝ Նյութնն արգելել էր երգը կատարել Միացյալ Նահանգներում։

Մինչդեռ երգն այնքան հրաշալի էր ու այնքան սիրվեց միանգամից, որ Մեծ Բրիտանիայում անմիջապես թռավ, հասավ առաջին հորիզոնականին ու երկար ժամանակ մնաց այնտեղ։ Բայց նույնիսկ այդ փաստը չկոտրեց վրդովված Նյութնին՝ նա բառացիորեն «ընկել էր» երգի հետևից։ Որքան էլ նրան համոզում էին, փաստարկներ էին բերում, վկայակոչում էին նույն Անգլիայի օրինակը, Նյութնն անդրդվելի էր՝ նա աշխարհի ամենալուսավոր, բարի ու պայծառ երգերից մեկը պարզապես տանել չէր կարողանում․․․

Այս երգի տխուր ճակատագրի մասին շատ է գրվել ու դեռ գրվելու է։ Երևի հենց դա էր պատճառը, որ Նու Օրլինզի ամենաչքավոր թաղամասում ծնված տղան, արդեն վաթսունն անց, այնքան անթաքույց սիրով ու ջերմությամբ էր երգում իրեն ժամանակին մերժած գեղեցիկ ու պայծառ աշխարհի մասին, դեպի որը միշտ ձգտել էր։

Հետո տեղի ունեցավ հրաշք։ Երգին սիրահարված անգլիացիները1978-ին այն օգտագործեցին Բի Բի Սի-ի ռադիոբեմադրություններից մեկում, իսկ 1988-ին երգը հնչեց «Բարի առավոտ, Վիետնամ» կինոնկարում։ Հետո էլ հնչեց «12 կապիկներ» ֆիլմում՝ տարիներ անց։ Եվ ամեն անգամ այն դառնում էր ավելի ու ավելի սիրված և ճանաչված․․․ հիմա այն երգում էին բոլորը։ Ինչ վերաբերում է Լերի Նյութնին՝ ապա նա այնքան նեղսիրտ մարդ էր, որ հետևողական կերպով շարունակում էր երգը չնկատել, իսկ իրականում՝ նրա հաղթարշավին ամեն կերպ խանգարել։

Ի վերջո, What a wondeful world անկրկնելի երգի հենց Արմսթրոնգի կատարումը 1999-ին տեղ գտավ Գրեմմիի փառքի սրահում և համարվեց ոչ ավել ոչ պակաս 20-րդ դարի լավագույն երգը։

Մի բան գիտեր մեղեդու հեղինակ Ուեյսը, երբ չարակամ Լերի Նյութնին դուրս էր շպրտում ձայնագրման տաղավարից․․․

Եթե չենք կարող խավարում լույս վառել, ապա գոնե չխավարենք ինչ որ մեկի արդեն վառած լույսը։ Քանզի, այս աշխարհը, մեզնով, թե առանց մեզ, մինույն է՝ Հիասքանչ է։  

Ցուցադրել ավելի
Back to top button