Հայրիկի դասերը

Ծնող լինելն ամենաբարձր կոչումն է. Հայրիկի դասերը

Բոլորս էլ գիտենք, որ մարդու կոչումներից ամենաբարձրը մարդ լինելն է։ Դե իսկ, էդ բարձր մարդկանց մեջ էլ՝ ամենաբարձրը, ծնող լինելն է, ըստ իս։ Բայց ․․․ շատերս դա հասկանում ենք միայն էն ժամանակ, երբ դառնումն ենք ծնող։Մինչ այդ այդ ամենն ընդամենը բառեր են։ Կան նաև երիտասարդներ, որոնք ծնող դառնալով էլ ամբողջապես չեն գիտակցում իրենց կոչման ողջ ծանրությունը, պատասխանատվությունն ու ժողովրդի լեզվով ասած՝ քաղցրությունը։

Ժամանակը, որպես կանոն, ամեն ինչ գցում է իր տեղը։ Այ, հարց է, թե ով որքան ժամանակ է ծախսում նոր կարգավիճակի համապարփակ էությունը զգալու, գիտակցելու և այն հոգեպես ընդունելու, մարսելու համար։

Լավագույն օրինակը երիտասարդ ծնողի համար, անշուշտ, հենց իր ծնողն է․ մեծերին նայելով անգամ կարելի է շատ ու շատ բաներ սովորել, որովհետև մի սերունդ արդեն մեծացրել են, ոտքի են կանգնեցրել, հիմա էլ արդեն տատիկի ու պապիկի պարտականություններ են կատարում։

Ու շատ կարևոր է նրանց խոսքը լսելը։  

Հա ․․․ կա համացանց, կա Գուգլ, որից էսօր շատ-շատերը շատ բան են իմանում ու պարզում։ Դա էլ է օգնություն, դրան էլ դիմեք ․․․ Բայց մեկը մյուսով փոխարինել, կարծում եմ, չարժե։

Գուգլը՝ Գուգլ, բայց ձեզ մեծացրած ծնողի կարծիքն ամնուամենայնիվ ուրիշ է։ Ու մի մոռացեք՝ համացանցն ու Գուգլը ընդհանուր դրույթներ են սովորեցնում, տալիս են խորհուրդներ բոլորի համար, ինչպես ընդունված է հիմա ասել՝ միջին վիճակագրական մարդու համար, հիմնականում անտեսելով ազգությունն ու աշխարհագրությունը։ Իսկ ձեր ծնողը գիտի ձեզ՝ ձեր բոլոր կողմերով։ էնպես որ, գիտի նաև ձեր բալիկին ․․․ գուցե ձեզ համար տարօրինակ կամ զարմանալի է ձեր փոքրիկի պահվածքը կամ բնավորության էս կամ էն գիծը, իսկ ձեր ծնողի համար դա նորություն չէ, նա, էսպես ասենք, էդ ճամփեքը մի անգամ արդեն անցել է։ Անցել է ձեզ հետ, ձեզ մեծացնելով ․․․նրա համար անհայտ ու անհասկանալի բաներ չկան, նա ճանաչում է իրեն, անգիր գիտի ձեզ ու ձեր փոքրիկն էլ իր համար բաց գիրք է, որը նա կարդում է հեշտ ու հանգիստ ․․․ էնտեղ նրա համար ոչ մի անծանոթ բառ չկա ․․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button