Մայրիկի դպրոց

Ի՞նչ է պետք առաջին դասարանցուն. Մայրիկի դպրոց

«Երբ ծնողներն առաջին դասարանցիներին պարապմունքից պարապմունքի են տանում, և երեխան անընդհատ ինչ–որ տեղ է շտապում, մենք այդպիսով սնուցում ենք տագնապայնությունը և ունենում ենք տագնապային երեխաներ», –ասում է մեր հյուրը՝ հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևան։

Իսկ օրվա մեջ կուտակված տագնապը, պարզվում է, հօդս չի ցնդում և արտահայտվում է գիշերային քնի խանգարումներով։ Ահա թե ինչու պետք է կարողանալ տարբերակել առաջնայինը երկրորդականից․ ի՞նչն է մեր երեխային իսկապե՛ս պետք ժամանակի այս միավորում։

Հարց – Եթե երեխան մանկապարտեզ է գնացել, սովոր է «ռեժիմ» կոչվածին։ Առավոտյան արթնանում է նույն ժամին, մանկապարտեզում էլ ամեն ինչ իր ժամն ունի՝ ուտելը, քնելը, խաղը։ Բայց եթե անգամ երեխան հաճախել է մանկապարտեզ, երբ նա դառնում է առաջին դասարանցի, շատ բան խմբագրվում է և խմբագրվում է հենց այն պատճառով, որ պարտականություններն են մուտք գործում նրա կյանք։ Ի՞նչ պետք է իմանա առաջին դասարանցու մայրիկը այս տարիքի երեխաների քնի կազմակերպման մասին։

Է․ Արզիևա – Հոգեբանության մեջ այս տարիքը համարվում է կրկնակի ճգնաժամային տարիք՝ թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական տեսանկյունից, և այս երկու ցուցանիշն էլ իրենց ազդեցությունն են թողնում քնի կազմակերպման վրա։ Հոգեբանական տեսանկյունից, երբ երեխան նոր սոցիալական դերեր է ստանձնում ու նաև կարողանում է ինքնակառավարվել, սեփական հույզերը կառավարել, փորձում է ավելի շատ մտնել սոցիումի մեջ, սոցիումի ավելի լիարժեք անդամ դառնալ, և ուզում է ավելի ուշ քնել․ վերջին հյուրին ճանապարհի՝ նոր քնի, ծնողների հետ վերջին քնննարկմանը մասնակցի՝ նոր գնա քնելու։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից համարվում է ճգնաժամային, որովհետև հենց այդ տարիքում տեղի է ունենում ատամնափոխություն, և օրգանիզմը կրկնակի, եռակի ջանք է գործադրում այդ գործընթացի համար, և սա ևս նպաստում է քնի որակի վատացմանը։

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին դասարանցու քունը, որպեսզի նա կարողանա լիարժեք թոթափել իր հոգեհուզական լարվածությունը, էներգիա կուտակի և պատրաստվի հաջորդ բարդ օրվան։

Առաջին կարևոր կանոնը, որին ծնողները ցանկալի է, որ հետևեն, քնի ժամերին հետևելն է։ Ցանկալի է, որ առաջին դասարանցու քունը տատանվի 10–12 ժամվա միջակայքում։ Եվ եթե երեխան դրանից քիչ է քնում, շատ մեծ հավանականությամբ նա կկուտակի գերհոգնածություն։

Հարց – Ավելի հաճախ այս 10–12 ժամը չի պահպանվում տարբեր պատճառներով։ Նախ, ինչպես նշեցիք, երեխան ուզում է որքան հնարավոր է ուշ քնել, նաև՝ հաճախ ստիպված է ուշ քնել, որովհետև պարտականություններ ունի, որոնք չի հասցրել կատարել։ Ի՞նչ անել, որ երեխան կարողանա ստանալ իր 10–12–ժամյա քունը։

Է․ Արզիևա – Հետաքրքիր հարց է այն տեսանկյունից, որ առաջին դասարանցիների օրն իսկապես բավականին ծանրաբեռնված է անցնում, և ծնողներն էլ նրանց տարբեր խմբակների, պարապմունքների են ուղարկում, որպեսզի նրանց օրը ավելի բազմազան լինի։ Բայց այստեղ մենք շատ կարևոր նրբություն ենք անտեսում․ այն, որ երեխայի համար կարևոր է հանգստի ժամ ունենալը, որ ինքը ոչնչով զբաղված չլինի․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button