Զարթուցիչ

Սեփական ֆիլմով ներկայանալու ձեր հնարավորությունը․ Զարթուցիչ

Երբևէ մտածե՞լ եք ֆիլմ նկարելու մասին։ Մեր ընկերների մեջ, օրինակ, չկա այնպիսի մեկը, ով թեկուզ մեկ անգամ այսպիսի ցանկություն հայտնած չլինի։ Ե՞վ,  ինչի՞ մասին կլիներ ձեր ֆիլմը, եթե նկարեիք։ Ու մինչև դուք կհստակեցնեք, թե ինչի մասին կլիներ ձե՛ր ֆիլմը, մենք կտեղեկացնենք հետաքրքիր մի նախագծի մասին, որն ամփոփվեց օրերս և որը կոչվում է «Ես եմ ռեժիսորը»։

Եթե այս նախագծի 450 մասնակիցներից մեկն եք, ուրեմն արդեն գիտեք՝ ինչի մասին է խոսքը, իսկ եթե առաջին անգամ լսեցիք այս խորագիրը, ուրեմն՝ ուշադիր եղեք, որպեսզի հաջորդ անգամ բաց չթողնեք ֆիլմ նկարելու և սեփական ֆիլմով ներկայանալու հնարավորությունը։

Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կրթական նորարարությունների բաժինը հայտարարել էր «Ես եմ ռեժիսորը» աշակերտական  հանրապետական նախագծի մեկնարկի մասին։

Նախագծին կարող էին մասնակցել հանրապետության բոլոր դպրոցների 6–12–րդ դասարանների աշակերտները։

Մասնակիցներին առաջարկվել էր 11 ձևաչափ՝ ֆիլմ–դասագիրք, ֆիլմ–լաբորատորիա, ֆիլմ–համայնք, ֆիլմ–բնապահպան, ֆիլմ–դեղին մամուլ, ֆիլմ–պատկեր, ֆիլմ–հարցազրույց, Ֆեյք–ֆիլմ, ֆիլմ–հերոս, ֆիլմ–սցենար, ֆիլմադարան։

Ներկայացված 11 ձևաչափերից մեկն ընտրելով՝ մասնակցության հայտ ներկայացրած խումբը պետք է համապատասխան հետազոտություն կատարեր և, նյութ հավաքելով, արդյունքում ստեղծեր իր 5–20 րոպեանոց ֆիլմն ու ներկայացներ այն։

Մասնակցության հայտ էր ներկայացրել 52 դպրոց, 450 դպրոցական Հայաստանի տարբեր մարզերից ընդգրկվել էր ֆիլմաստեղծման գործում, արդյունքում ներկայացվել էր 85 ֆիլմ։ Եվ այս ողջ աշխատանքն ամփոփվեց հունվարի 24–ին Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ -ի դահլիճում։

Օրերս Ռադիո Արևիկի ստուդիայում հյուրընկալել էինք Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանին կրթական մեծամասշտաբ այս նախագիծն ու դրա արդյունքն ամփոփելու համար։

Տիկին Մկրտչյանի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք լսել փետրվարի 7–ին Ռադիո Արևիկի «Մեկնարկ» ծրագրում, իսկ այսօր ձեզ ենք ներկայացնում զրույցից մի հատված։

Ցուցադրել ավելի
Back to top button