ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երևանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: