Եթե սիրում եք հետևել լրահոսին, ապա նկատած կլինեք, որ օրեցօր ավելանում են տարբեր բնագավառներում արհեստական բանականության ձեռքբերումների մասին տեղեկությունները։ Դրանցից երկուսն առանձնացրել ենք ձեզ էլ ներկայացնելու համար, որովհետև, իսկապես, շատ հետաքրքիր թվացին մեզ։
Ամերիկյան The Arena Group խոշոր հրատարակչությունը, որը շատ հայտնի ամսագրերի սեփականատերն է, հայտարարել է իր հրապարակումների համար բովանդակություն պատրաստելիս արհեստական բանականության կիրառման մեկնարկի մասին: Նոր արհեստական բանականությունը կաշխատի լրագրողների հետ, բայց, ինչպես հավաստիացնում են հրատարակչության ներկայացուցիչները, նախատեսված չէ լրագրողների աշխատանքը փոխարինելու համար։
Հրատարակչությունը մտադիր է արհեստական բանականության տեխնոլոգիաներն օգտագործել նորությունների վերլուծության, արդիական թեմաներն արագ ընտրելու և արխիվներից հարակից նյութեր հավաքելու գործընթացում։ Արհեստական բանականության այս կարողությունը ոչ միայն կնվազեցնի մարդկանց ծանրաբեռնվածությունը, այլև կարագացնի նոր հրապարակումների ստեղծումը:
Եվ, չնայած, հրատարակչության ղեկավարությունը վստահեցնում է, որ լրագրողների աշխատանքն անփոխարինելի է, արհեստական բանականության լրագրողական–որոնողական աշխատանքով զբաղվելու կարողության գործադրումն, այնուամենայնիվ, անհանգստացնում է մասնագետներին։
Վերջերս էլ Ավստրալիայում անցկացվող ֆոտոմրցույթներից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել․ հաղթող է ճանաչվել մայրամուտը պատկերող մի լուսանկար, որի հեղինակը ներկայացել է 15-րդ դարի նորարար նկարիչ Յան Վան Էյքի անունով։
Միջոցառումը կազմակերպել է տեղական DigiDirect ընկերությունը: Բայց այն բանից հետո, երբ պարզվել է, որ պատկերը ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով և որ հեղինակ, որպես այդպիսին, գոյություն չունի, ստուդիան, որը պատասխանատու էր պատկերի ստեղծման համար, վերադարձրել է մրցանակը:
Ընկերությունը, սակայն, նաև նշել է, որ նպատակը ոչ թե հաղթելն է եղել, այլ ապացուցելը, որ «արհեստական բանականությունը, որպես արվեստագետ, գերազանցում է մարդուն»։