Այսօր փետրվարի 9–նն է, և կարելի է ասել՝ համով օր է, մեր ամենասիրելի ուտելիքներից մեկի՝ պիցցայի միջազգային օրը․․․
Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է պիցցայի հայրենիքը, առանց երկար մտածելու կասեք՝ Իտալիան, չէ՞։ Բայց, պարզվում է, ձեր վստահ և միանշանակ պատասխանը դուր չի գա աշխարհի ոչ իտալացի խոհարարներից շատերին։ Նրանք կհիշեին, օրինակ, որ այս ուտեստն իր պատմությունն սկսել է դեռ անտիկ շրջանում, որ «պիցցա» բառը լատիներեն է և նշանակում է «բլիթ», որ խմորից և տարբեր բաղադրիչներով լցոնված կամ պատված այսպիսի բլիթներ դեռևս հնագույն ժամանակներում պատրաստվել են Հին Հունաստանանում, Իրանում և աշխարհի այլ երկրներում, որ․․.կարծում ենք, պետք է կանգ առնել և ասել, որ սա աշխարհի խոհարարների հայտնի, բայց այդպես էլ վերջնական պատասխան չստացող բանավեճերից է, որը պիցցայի դեպքում, հաստատ իմաստ չունի ծավալել։ Եվ ասենք, թե` ինչու։
Իհարկե, զարմանալի չէ, որ տարբեր բաղադրիչներով լցոնված կամ պատված խմորից բլիթներ թխվել են աշխարհի տարբեր երկրներում, բայց խոհարարական արվեստի հենց իտալացի’ վարպետներն են պիցցային տվել այն յուրահատուկ համային նկարագիրը, որով այն այսօր հայտնի է աշխարհում։
Հենց իտալացի’ խոհարարներն են կարողացել այս ուտեստի խմորի համար ընտրել անհրաժեշտ ցորենի տեսակները, նրանք են կարողացել բազմաթիվ համեմունքներից հենց պիցցայի համար նախընտրելիներն առանձնացնել, ընտրել խմորի մակերեսը ծածկելու համար ամենահամադրելի բաղադրիչները և ստանալ այն համերը, որոնք անկրկնելի են դարձնում բոլորիս սիրելի այս ուտելիքը։
Պիցցայի ամենահայտնի տեսակներից մեկը՝ պիցցա մարգարիտան, անգամ իր մասին հայտնի լեգենդ–պատմություն ունի։ Այն պատմում է, որ 1889 թվականին Նեապոլում Ումբերտո Առաջին թագավորի կնոջ՝ Մարգարիտայի պատվին, խոհարար Ռաֆայելե Էսպոզիտոն ստեղծել է «մարգարիտա» պիցան` դրա մակերեսը պատելով տոմատով, մոցարերայով և ռեհանով և այդպիսով զարդարելով ուտեստը թագավորության ազգային գույներով։ Թագուհուն պիցցան շատ դուր է եկել, և դրանից հետո այն ստացել է նրա անունը՝ Մարգարիտա։
Իտալիայում անգամ պիցցայի մասին օրենք կա, որը խստորեն սահմանում է իսկական իտալական պիցցայի թե՛ բաղադրությունը, թե՛ պատրաստման ընթացքն ու անգամ այն, թե ո՛ր տեղանքի ցորենից պետք է պատրաստվի իրենց ազգային այս ուտեստի համար նախատեսված ալյուրը, որտեղ արտադրված պանիրն է հարմար և թե ինչ ջերմաստիճանիպայմաններում պիցցան պետք է պատրաստվի։
Այսքանը՝ դասական իտալական պիցցայի մասին, բայց 19–րդ դարի վերջից սկսած պիցցան հայտնի դարձավ աշխարհի տարբեր երկրներում և ամենուր ստացավ տվյալ երկրին, անգամ՝ տվյալ ընտանիքին ու տվյալ պահին հարմար խմբագրումներ։ Եվ դուք էլ, հաստատ, երբ որոշում եք տանը պիցցա պատրաստել, ձեր նորամուծություններն եք անում հայտնի, մատչելի և միշտ շա՜տ սիրելի այս ուտելիքի բաղադրատոմսում։
Դպրոցից տուն գալուն պես դուք էլ, տղաներ ու աղջիկներ, մի համով, սիրուն պիցցա պատրաստեք ողջ ընտանիքի համար՝ չմոռանալով, որ խոհանոցը ստեղծագործելու տեղ է․․․