Եթե լսել եք մեր նախորդ թողարկումը, ուրեմն հիշում եք, որ գնացել էի խաղերի զարգացման ամենամյա GCON 2023 կոնֆերանսին ու ներկայացնում էի զրույցներ խաղային ինդուստրիայով զբաղվող մասնագետների հետ: Այսօր կշարունակենք մեր հանդիպումները , իսկ հաղորդման երկրորդ հատվածում կիմանանք, թե ինչպես անցավ Global Game Jam Armenia հաքաթոնը:
GCON 2023-ին ելույթով հանդես եկավ նաև «Նուռ գեյմս» ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանը, որը խոսում էր խաղերի ստեղծման մեջ տվյալագիտության դերի մասին: Խոսեցինք նաև «ArmNomads Games» ընկերության համահիմնադիր, նկարիչ Նարեկ Սամվելյանի հետ։ Ընկերությունն արդեն 7 տարի է ինչ գործում է, թողարկում է փոքր խաղեր, որոնք մեծ հաջողություն են ունենում:
Ելույթներից մեկը վերնագրված էր այսպես. «Հոգեբանությունը վիդեո և մոբայլ խաղերում»: Թեմայի շուրջ խոսեցինք խաղերի նախագծող Մելինե Սահակյանի հետ։
Հաճելի էր տեսնել, որ խաղերի ստեղման ինդուստրիայով զբաղվող ոչ մեծաթիվ հայկական ընկերությունները համախմբվել են նույն հարթակում:
Փետրվարի 3-ից 5-ը «Նուռ գեյմսի» ու Թումո լաբերի նախաձեռնությամբ անցկացվեց Global Game Jam-ը: Խաղերի ստեղծման ամենակրեատիվ հաքաթոնի ընթացքում մասնակիցները 48 ժամում պետք է ստեղծեին նոր խաղ:
«Նուռ գեյմս» ընկերության տեխնիկական տնօրեն Տիգրան Մինասյանի խոսքով՝ ուրախությամբ են նկատել, որ շատերը երկրորդ կամ երրորդ անգամ են մասնակցում ջեմին: Կային նաև նոր դեմքեր: Միջոցառմանը ներկա էին նաև մենթորներ՝ ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր իրենց խորհուրդներով ու միջամտություններով օգնում էին թիմերին:
Խաղերի գաղափարի համար առաջարկվող թեման Արմատներն էր: Դրանով էր պայմանավորված նաև, որ թիմերը ստեղծել էին հայկական մոտիվներով խաղեր: Դրանցից մեկում, օրինակ, պետք էր կռահել թե որ հանրահայտ հայի մասին է խոսքը: Թիմեր էլ կային, որոնք «Արմատներ» թեման ներկայացրել էին մաթեմատիկական գործողության տեսքով կամ էլ օգտագործել էին այն որպես ծառի արմատ, որին պետք է ջրել։
Global Game Jam Armenia 2023 հաքաթոնի նպատակներից է այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ մարդիկ կփորձեն խաղ ստեղծել, կսովորեն իրարից ու կսովորեցնեն իրար: Դժվար է պատկերացնել մեկ այլ հարթակ, որտեղ կարող ես հանդիպել պրոֆեսիոնալ խաղ նախագծողների, ներկայացնես քո գաղափարներն ու նախկինում փորձ չունենալով՝ իրականություն դարձնես այն: