Զարթուցիչ

Թափառական շներին ու կատուներին օգնել, իհարկե, պետք է, բայց պետք է իմանալ ․․․

Ամեն օր, առավոտից սկսած՝ դպրոցի ճանապարհին, խանութների մոտ, կանգառներում, ամենուր, բոլորս էլ հանդիպում ենք թափառող շների։ Ես երբեք չեմ կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով։ Տխուր, սպասողական հայացքով նայում են, և սիրտս ճմլվում է շատ։ Եթե ձեռքիս հարմար ուտելիք է լինում, անպայման տալիս եմ, եթե ոչ՝ մեղավոր եմ զգում ինձ։ Բայց նկատել եմ նաև, որ հաճախ նրանք ոչ թե մեզնից ուտելիք են սպասում, այլ՝ ուշադրություն․ անհամարձակ շարժում են պոչերը՝ իբր՝ կխաղա՞ս ինձ հետ։ Միշտ չէ, որ ես կարող եմ թեկուզ մի քանի րոպե հատկացնել նրանց․ դե, ինչպես բոլորդ, շտապում եմ՝ դպրոց, տուն, պարապմունքի, բայց մեկ– մեկ օրվա մեջ հիշում եմ հայացքները և տխրում եմ շատ։

Իսկ վերջերս էլ նկատեցի մի բան, որը շատ զարմացրեց ինձ։ Թափառական շները շատ ուշադիր են անցնում փողոցը՝ հետևելով լուսացույցին։ Երբ առաջին անգամ դա նկատեցի, ինձ թվաց՝ պատահականություն է, բայց հետո հասկացա, որ չէ, թափառական շներն իսկապես, շատ մարդկանցից ավելի լավ են հետևում լուսացույցի ազդանշաններին։

Ես տխրում եմ թափառական շների և կատուների հանդիպելիս, իսկ դրանք օրեցօր շատանում են։ Ու ես չգիտեմ՝ որն է օգնելու տարբերակը։

Երբ այս մտքերս կիսեցի այստեղ՝ ընկերներիս հետ, Արամիդան ասաց․ «Օգնել, իհարկե, պետք է, բայց պետք է իմանալ»․․․ Իսկ թե ինչ է պետք իմանալ, կլսենք հենց իրենից․․․

Իհարկե, շատերս ենք Նատալիի պես վերաբերվում թափառական կենդանիներին՝ խղճահարությամբ և չիմանալով՝ ինչպես օգնել։ Ոմանք անգամ տուն են տանում դրանց, բայց շատերն էլ պարզապես վախենում են, և ասել, որ վախը միշտ անհիմն է, ճիշտ չէ։ Չէ՞ որ հաճախ այդ կենդանիներն անկանխատեսելի վարք են դրսևորում, օրինակ, անսպասելի հաչում են, հարձակվող դիրք ընդունում կամ հարձակվում։

Մարդիկ էլ վախից երբեմն վնասում են կենդանիներին, իսկ կենդանիներն էլ նույն՝ վախի զգացումից և պաշտպանվելու ցանկությունից ելնելով, վնասում են մարդկանց։ Մի խոսքով՝ ոնց որ փակ շղթա լինի։

Թափառաող կենդանիների հետ կապված պատմությունների մեջ ինձ համար ամենասարսափելին այն դեպքերն են, երբ մարդիկ պարզապես հոգնելով կենդանուց, դուրս են հանում դրանց տնից։ Այս տեսակ շների հայացքն ամենատխուրն է։ Ես գիտեմ, որ օրինակ ԱՄՆ–ում իր շանը կամ կատվին դուրս վռնդող  քաղաքացին մեծ տուգանք է վճարում։ Մեզ մոտ՝ չէ, հոգնեցի, դուրս արեցի, և ոչինչ, որ մի խեղճ հայացք էլ ավելացավ փողոցում։

Իսկ Եվրոպայում գրեթե հնարավոր չէ թափառական շուն տեսնել, որովհետև շատ են կացարանները, որտեղ տերերը թողնում են իրենց շներին։ Չեխիայում ամեն սրճարանի մոտ ջրով լի տարաներ են, որոնցից շներն ու կատուները կարող են ջուր խմել։

Բայց, չնայած այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներին խղճում ենք բոլորս էլ, բաներ կան, որ պետք է իմանալ և զգույշ լինել։

Դե, օրինակ, հատկապես, երբ 5-10 շնից կազմված խումբ եք տեսնում, աշխատեք զգույշ լինել։ Ոհմակային բնազդն այս խմբում ընդգծված է լինում։

Այստեղ կա «պարագլուխ»՝ ամենաագրեսիվ  և ուժեղ շունը, կա «պահակ», որի խնդիրն է նշել տարածքը, էգ շուն, որը պարագլխի մշտական ուղեկիցն է։ Ցանկացած ներխուժում այն տարածք, որտեղ ոհմակն ապրում է, դրանց կողմից որպես իրենց հանդեպ ագրեսիա է դիտվում և ագրեսիվ հարձակումների պատճառ է դառնում։

Երբեմն փողոցի շներին մշտապես կերակրող սրտացավ մարդիկ են լինում։ Շներն այս մարդկանց պաշտպանելու ցանկություն էլ են ունենում, և հաճախ, մեզ համար անհասկանալի, բայց իրենց համար հասկանալի պատճառով հարձակվում  կերակրողի կողքին հայտնված այլ մարդկանց վրա։ Իսկ շուկաներում և ստորգետնյա անցումներում բնակվող շները գիշերներն ինքնաբերաբար վերածվում են պահակների։

Պետք է, իհարկե, զգուշանալ դրանցից։ Եվ հիշենք, որ հատկապես գարնանն ու աշնանը, բազմացման շրջանում, պետք է ավելի զգոն լինենք։ Դե, իսկ սրտացավ մարդիկ, իհարկե, միշտ էլ օգնում են իրենց բակում կամ փողոցում ապաստանած շներին և կատուներին։

Ցուցադրել ավելի
Back to top button