Ռադիոլաբ

Ինչպե՞ս ինտերակտիվ խաղի ու վարքականոնների ուսումնասիրման միջոցով պաշտպանվել երկրաշարժից

Ամիսներ առաջ պատմել էինք «BeSafe» հեռախոսային հավելվածի մասին: «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի նախաձեռնությամբ նորարարական այս ծրագրի մշակմանը մասնակցել են Թալինի ավագ դպրոցի և Երևանի թիվ 192 դպրոցի մի խումբ աշակերտներ: Աշխատանքային թիմը ղեկավարել է Արագածոտնի մարզի Թալինի ավագ դպրոցի «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի Լալա Խուրշուդյանը, որի հետ էլ կներկայացնենք «BeSafe — Եղիր ապահով» հավելվածը:

«Բջջային հավելվածի ստեղծմանը խթան հանդիսացավ 2021 թվականի փետրվարին Երևանում տեղի ունեցած երկրաշարժը։ Մեր թիմային աշխատանքի շնորհիվ, սոց․հարցումների միջոցով պարզ դարձավ, որ հիմնականում մեր երկրում գոյություն չունի նման բջջային հավելված, որը ցանկալի է մեր սեյսմիկ պաշտպանվածության համար (որովհետև մենք գտնվում ենք նման գոտում) երկրաշարժի վարքականոններ ուսումնասիրելու համար։ Դրա համար նախագծվեց բջջային հավելվածը, որն էլ հենց ուսուցանում է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները ու այն նախատեսված է և տեսական, և գործնական պարապմունքներ անցկացնելու համար» -, նշում է տիկին Խուրշուդյանը։

Հավելվածը «Գրան պրի» մրցանակի է արժանացել «Տեխնովացիա աղջիկներ» միջազգային մրցույթում։ Հաղթող է ճանաչվել նաև ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույններ 2022» մրցույթի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում:

Աշխատելով այս գաղափարի շուրջ՝ տիկին Խուրշուդյանի գլխավորած թիմը՝ «Tank Apple» ծրագրի միջոցով կառուցել է բջջային հավելվածի ծրագրային կոդը:

«BeSafe»-ի հիման վրա, 2022 թվականի դեկտեմբերի 7-ին, Թալինի ավագ դպրոցում, բարերարների ջանքերով բացվել ու այժմ էլ գործում է VR շարժական լաբորատորիան: Կիրառելով VR տեխնոլոգիաներ, աշակերտները ծանոթանում են երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին, անցկացվում են նաև այլ դասապրոցեսներ, որոնց մասնակցում են ոչ միայն դպրոցի,այլ նաև Հայաստանի մյուս մարզերի աշակերտները։

Լսե՛ք հաղորդումը։

Ցուցադրել ավելի
Back to top button