Լուրեր

Համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» էպոսին

ԿԳՄՍ նախարարությունը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ կազմակերպում է համահայկական աշակերտական աշխատաժողով՝ նվիրված «Սասնա ծռեր» ազգային էպոսին:

Աշխատաժողովի նպատակն է վերահաստատել «Սասնա ծռեր» էպոսի կարևորությունը և նպաստել աշակերտների պատկերային ու իմացական դաշտի ընդլայնմանը, վերլուծական կարողությունների զարգացմանը: Աշխատաժողովին կարող են մասնակցել սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների 13-18 տարեկան սաները:

«Սասնա ծռեր» էպոսը՝ որպես ազգային բնավորության, հոգեբանության, պատմության,  արժեհամակարգի կարևորագույն գրական աղբյուր, անսահման հնարավորություն է տալիս այն անընդհատ նորովի բացահայտելու, ներկայացնելու, ազգային արժեքները գնահատելու, պահպանելու, անցյալի դասերը վերլուծելու, արժևորելու, գաղտնագրերը վերծանելու,  ուղերձները ընկալելու համար:

Աշխատաժողովի մասնակիցներից ակնկալվում է մանրամասն ուսումնասիրել էպոսը, նախ սեփական բացահայտումներ անել, մեկնաբանել կերպարները, այնուհետև գրավոր ներկայացնել տպավորությունները, բացահայտումները, իմաստավորումներն ինչպես էպոսի վերաբերյալ ամբողջությամբ, այնպես էլ առանձին կերպարների և բովանդակային բաղադրիչների:

Մասնավորապես՝ կարելի է անդրադառնալ.

  • էպոսի անվանմանը, ստեղծմանը, պատմությանը, նշանակությանը,
  • կերպարներին,
  • կանանց կերպարներին,
  • Սասունցի Դավթին՝ որպես հայ ժողովրդի հավաքական կերպարի,
  • էպոսի կերպարներին և դասերին մեր օրերում,
  • էպոսում արտացոլված տոներին, ավանդույթներին և այլ ազգագրական նյութերին, նշել, թե որոնք են պահպանվել մինչև այսօր,
  • պատմականին և միֆին էպոսում,
  • էպոսում արտահայտված աշխարհայացքային և մասնավորապես՝ սոցիալական արժեքներին,
  • այլ:

Աշխատաժողովին կարելի է մասնակցել անհատապես կամ 5 հոգանոց խմբերով, որոնք պետք է ունենան ղեկավարներ: Աշխատաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թ.  մարտի 10-ը  գրանցվեն հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/4113iXn:

Աշխատանքները մինչև 2023 թ. մայիսի 31-ը պետք է ուղեկցող նամակով ուղարկել ԿԶՆԱԿ հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ («Թեմա» բաժնում անպայման նշել «Սասնա ծռեր» վերնագիրը) նշելով երկիրը, քաղաքը, կրթօջախի անվանումը, մասնակիցների անունները, ղեկավարի անունը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի և կհրապարակվի մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button