Առաջին դասարանցի դառնալուն պես փոփոխության է ենթարկվում երեխայի օրվա ռեժիմն ընդհանրապես, սննդառության ռեժիմը՝ այդ թվում։ Եթե երեխան ստիպված է լինում ինչ–ինչ հանձնարարություններ հասցնելու համար երկար արթուն մնալ, բնականորեն սնվելու ցանկություն է առաջանում, է՛լ չխոսենք այն դեպքերի մասին, երբ երեխան հանձնարարությունների կատարումը հետաձգելը բացատրում է ուտելու ցանկությամբ։
Հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևային խնդրել ենք խոսել կրտսեր դպրոցականների՝ քնից առաջ սննդառության մասին։
Է․ Արզիևա – Բոլոր ֆիզիոլոգիական գործընթացներն ունեն մեկ նպատակ՝ ապահովել օրգանիզմի հոմեոստատիկ վիճակը։ Փոքր երեխաների մոտ այդ վիճակի խախտումը շատ արագ է նկատվում։ Եվ քանի որ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների առօրյան փոխվում է՝ նոր պարտավորություններ են առաջանում, դասեր պիտի սովորեն, պատասխանատվության զգացումն է մեծանում, ապա սննդի ընդունումը կարող է փոքր–ինչ ստորադասվել։ Օրինակ՝ առավոտյան մի փոքր ուշ արթնացան, փորձում են դպրոցից չուշանալ, և այլևս ժամանակ չկա նախաճաշի համար։ Կամ՝ դպրոցից տուն եկավ, մի փոքր խաղաց, հետո դաս սովորելու ժամանակն է, մինչև դասերը սովորեց, սնունդը դարձյալ ստորադասվեց։ Բայց եթե երեխան բավարար չափով սնունդ չի ընդունում, նշանակում է՝ էներգիա չի ընդունում։ Չէ՞ որ մենք սննդի միջոցով ենք ստանում էներգիա, որը մեզ օգնում է դիմակայել այն դժվարություններին, որը նախապատրաստել է օրը մեզ համար։ Դրա համար սննդի ընդունումը պետք է տարիքին համապատասխան լինի և լինի այն պատուհաններում, երբ երեխան հարաբերականորեն հանգիստ վիճակում է, և ոչ թե այլ գործողություններ անելու ընթացքում։ Օրինակ, երբեմն մամաներն անճարությունից կարող են նույնիսկ հագցնելու ընթացքում երեխային մի բան տալ ուտելու։ Ցանկալի է, որ երեխան հարաբերականորեն հանգիստ պայմաններում ուտի՝ զգալով ի՛նչ է ուտում, ի՛նչ համի սնունդ է ընդունում։
Եթե մենք բախվել ենք այնպիսի խնդրի, որ երեխան հենց քնելուց առաջ է սնունդ պահանջում, ցանկալի է ընտրել այնպիսի սննդամթերք, որը օրգանիզմը շատ չի ծանրաբեռնի, քանի որ եթե երեխան ծանրաբեռնված ստամոքսով գնա քնելու, կարող է գիշերային քնի մուտքը տուժել, ուշանալ և գերակշռել մակերեսային քնի փուլը, որովհետև օրգանիզմում մարսման պրոցեսներ են տեղի ունենում։
Գրականության մեջ նշված են մթերքներ, որոնք նախընտրելի են գիշերային քնից առաջ։ Դրանք հիմնականում կաթնամթերքներն են, շոգեխաշած բանջարեղենը, ընդեղենը, ձուն։ Շատ հաճախ ծնողներն ասում են․ «Բայց մեզ մեր ծնողները սովորեցրել են, որ ձուն միայն առավոտյան են ուտում, երեկոյան չի կարելի»։
Իրականում չկա ապացուցված տեղեկատվություն, որ գիշերային քնից առաջ ձուն կարող է վնասել։ Բայց, իհարկե, խիստ ցանկալի է, որ ուտելու պրոցեսը կազմակերպենք քնից գոնե 30–40 րոպե առաջ, որպեսզի երեխան ակտիվ մարսողության փուլում չգնա քնելու․․․
Շարունակությունը՝ զրույցում։