Հայաստանի դահուկային սպորտի հավաքականը փետրվարի 22-ից մարտի 5-ը Սլովենիայում կմասնակցի դահուկավազքի աշխարհի առաջնությանը:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Կատյա Գալստյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Աննա Ռաշոյանը։ Հավաքականի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը թիմին կմիանա փետրվարի 25-ին։
Միքայել Միքայելյանը, որը վերջերս Տոբլախում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում ընդգրկվել է 50 լավագույնների շարքում, Սլովենիայի Պլանիցա քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում առաջին անգամ ուժերը կփորձի 50 կմ մարաթոնում, որում Հայաստանը երբևէ ներկայացուցիչ չի ունեցել:
Նշենք՝ փետրվարի 23-ին Ծաղկաձորում կմեկնարկեն լեռնադահուկային, ինչպես նաև պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունները: Մրցումները կտևեն մինչև փետրվարի 28-ը: