Շարունակում ենք ծանոթանալ աշխարհի մանկական թանգարաններին։
Լոնդոնի բնագիտության թանգարան
Լոնդոնի բնագիտության թանգարանը հայտնի է իր դինոզավրերի հավաքածուով, որի կազմում կա դիպլոդոկի 26 մետր երկարություն ունեցող մի ամբողջական կմախք։ Այստեղ երևի արժե ասել, որ դիպլոդոկներն ապրել են մեր մոլորակի վրա 147–150 միլիոն տարի առաջ և դասվում են խոշորագույն դինոզավրերի շարքում։
Այս թանգարանում ներկայացված է բուսաբանական, կենդանաբանական , երկրաբանական ավելի քան 70 միլիոն ցուցանմուշ։
Այցելու երեխաները ցուցադրությունը տեսնելուց հետո որպես թանգարանից հիշողություն կարող են իրենց հետ տանել հենց թանգարանում իրենց իսկ ստեղծած գիրք–ալբոմը, որը կարող են լրացնել խաղերով և 3-D նկարներով։
Ստոկհոլմի Նոբելյան թանգարան
Ստոկհոլմի Նոբելյան թանգարանը նվիրված է գիտական աշխարհի ամնահեղինակավոր մրցանակին՝ Նոբելյան մրցանակին, դրա հիմնադիր Ալֆրեդ Նոբելին և Նոբելյան մրցանակակիրներին։
Գիտնականների դիմանկարները առաստաղի տակով ճոպանի օգնությամբ անցնում են թանգարանի բոլոր սրահներով։ Թանգարանում կարելի է տեսնել գիտնականների անձնական իրերը, ծանոթանալ նրանց հայտնագործություններին, իսկ տիկնիկային թատրոնը, բազմաթիվ գունեղ գրքերը և խաղերը Նոբելի մասին իմանալու հնարավորություն են տալիս անգամ ամենափոքրերին։
Ամստերդամի «Նեմո» մանկական թանգարան
Ամստերդամի «Նեմո» մանկական ինտերակտիվ թանգարանը ձևով նման է նավի․ կանաչ նավ է, որի վրա գտնվող ամեն ինչին երեխան կարող է ձեռք տալ և ուսումնասիրել։
Ողջ ցուցադրության նպատակը երեխաներին ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության օրենքներին ծանոթացնելն է, նրանց համար տարբեր մասնագիտություններ բացահայտելը, ռոբոտատեխնիկային ծանոթացնելը։
Նավի առաջին հարկը փոքրիկների համար է։ Նրանց համար գիտափորձեր են անցկացվում օճառապղպջակներով, խորանարդիկներով, ծուռ հայելիներով։ Իսկ վերևի հարկերը իսկական գիտական լաբորատորիաներ են, որտեղ կարելի է կայծակի ծագումը հասկանալ, երկրաշարժ ստեղծել, պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում ԴՆԹ մոլեկուլը և էլի շատ ու շատ գիտափորձերի մասնակիցը դառնալ, ու հենց այդպես հանկարծ հասկանալ, որ ախր, դու, հե՛նց ֆիզիկոս ես ուզում դառնալ, կամ՝ կենսաբան կամ․․․մի խոսքով ՝ այս թանգարանը ոչ միայն ժամանցի, այլև ինքդ քեզ ճանաչելու աշխարհ է․․․