«Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:
Բացմանը կհայտարարվեն հաղթողների անունները, որոնց ընտրել է մասնագիտական ժյուրին։
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։
Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել է 2020-ին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ է ստացել: