Հայրիկի դասերը

Ի՞նչ լեզվով խոսենք երեխաների հետ․ Հայրիկի դասերը

Մեր էսօրվա զրույցը վերնագրել եմ էս կերպ՝ «Ի՞նչ լեզվով խոսենք երեխաների հետ»։ Իրականում, երևի պետք էր ասել՝ «Ի՞նչ լեզվով խոսենք»․․․

Չեմ ուզում սխալ հասկացվել, շատ եմ սիրում ու հարգում մեր մայրենին ու հարցս կարող է թվալ անտեղի ու անգամ վտանգավոր։

Բայց շտապեմ բացատրել, որ խոսքը վերաբերում է օտար բառերին, հատկապես այն արտահայտություններին, որոնք չունեն մեր լեզվում հոմանինշեր կամ չկա դրանց հայերեն համարժեքը։ Ճիշտ է, մենք սիրում ենք ամեն ինչ թարգմանել հայերեն ու մեծ մասամբ թարգմանությունները հիանալի են։ Ինձ շատ է դուր գալիս, օրինակ՝ creative բառի ազատ թարգմանությունը՝ ստեղծամիտ։ Նույնիսկ նա, ով էս բառն առաջին անգամ է լսում՝ միանգամից հասկանում է դրա իմաստը՝ ստեղծագործական միտք ունեցող։ Շնորհակալություն նրան, ով էս բառը դրել է շրջանառության մեջ։

Ժամանակին CD- ին  նույնպես թարգմանեցին՝ խտասալիկ։ Կան, կարծում եմ մարդիկ՝ ավագ սերնդից, որոնք մինչև հիմա էլ գործածում են այդ բառը։ Բայց CD-ին կամ խտասալիկը դուրս եկավ գործածությունից էն պարզ պատճառով, որ հիմա գրեթե չի օգտագործվում որպես կրիչ՝ հնացել է։ Հիմա տեխնոլոգիաները զարգացել ու փոխվել են։ Ավելի ճիշտ՝ դրանք հավերժ փոխվում ու զարգանում են, հավերժ փոխվող ու զարգացող աշխարհին զուգահեռ։ Տեսեք, ես օգտագործեցի տեխնոլոգիաներ բառը։ Իհարկե, կարելի է ցանկության դեպքում դա էլ հայերեն դարձնել։ Բայց մենք օգտագործում ենք, չէ՞, տեխնիկա բառը։ Էդ դեպքում ինչո՞ւ թարգմանենք․․․

Կամ շատ գործածական բառ՝ DJ / disc jockey/, լրիվ նոր մասնագիտություն, մեր ժամանակներում։  

Այ, սա է ասածս՝ իսկ ինչու՞ թարգմանենք մի բան, որն արդեն բոլորը գիտեն, հասկանում են, պատկերացնում են նրա գործածական նշանակությունն ու վաղուց օգտագործում են։ Չեմ ուզում հարուցել ցասումն էն մարդկանց, ովքեր մեր լեզվով զբաղվում են մասնագիտորեն, քա՜վ լիցի։ Բայց իսկապես կարծում եմ, որ նման դեպքերում գուցե  կարելի է բավարարվել չթարգմանելով։  

Բոլորս գիտենք, հասկանում ենք, որ լեզուն կենդանի օրգանիզմ է, ժամանակների հետ փոփոխություններ կրող, այն չի կարող լինել քարացած, որքան էլ գեղեցիկ հնչի մեր ականջին ու չի կարող չներառել նորը։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button