Մայրիկի դպրոց

«Կուռքեր մի՛ սարքեք ձեզ համար». Մայրիկի դպրոց

Աստվածաշնչյան այս հայտնի պատվիրանը հանկարծ հիշում են բոլոր այն ծնողները, որոնք մի օր իրենք իրենց համար պարզում են, որ իրենց զավակը խիստ տարված է այս կամ այն երգչի, մարզիկի, դերասանի կյանքով, գործունեությամբ․ քնում ու արթնանում է նրա մասին մտածելով, ամեն ինչ գիտի նրա մասին՝ կոշիկի չափսից մինչև մազի երկարություն, սիրելի ուտելիք, նախասիրություններ, փորձում է կրկնօրինակել նրա ոճը։ Մի խոսքով՝ ինքն իր համար կուռք է ստեղծել։

Ծնողների մի մասը չի էլ կարևորում սա՝ մտածելով, որ տարիք է, կանցնի։

«Եթե այն ժամանակի մի մասը, որը նվիրում ես նրա մասին կարդալուն ու լսելուն, դասերիդ տրամադրես, ավելի լավ կլինի»,-ասում են ուրիշ ծնողներ։

«Էդ ի՞նչ անճաշակություն է․ է՛լ չլսեմ, է՛լ չտեսնեմ»,-շատ ավելի պոռթկուն ռեակցիա է տալիս ծնողների մեկ այլ խումբ։

Հոգեբան Արմինե Վարդանյանի օգնությամբ փորձում ենք պարզել, թե ինչու են մեր երեխաները «կուռքեր» ստեղծում իրենց համար։

Ա․ Վարդանյան — Ինչպես բազմիցս ասել ենք, դեռահասությունը բավականին լուրջ փոփոխությունների շրջան է, և դեռահասի համար այդ փոփոխությունների մեջ չափազանց կարևոր են դառնում ինքնաճանաչման, ինքնաբացահայտման հարցերը՝ «ո՞վ եմ ես», «ինչպիսի՞ն եմ ես», «ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեմ ես», «ի՞նչ որակներ ունեմ ես»։ Եվ «կուռքեր» ունենալը այս ինքնաբացահայտման պահանջմունքի բավարարման ձևերից մեկն է։ Չէ՞ որ այդ հայտնի մարդիկ, ում իրենք սկսում են հետևել, երկրպագել, մարդիկ են, ովքեր հասարակության լայն շերտերի կողմից սիրված են, ընդունված են, հարգված են իրենց ինչ-ինչ որակների շնորհիվ։ Եվ դեռահասները, նրանց երկրպագելով, ցանկանում են լինել այդպիսին․ այնպիսին, ում բոլորը ընդունում են, սիրում են, հետևում են։ Սա բնական և նորմալ երևույթ է և կարող է հանդիպել դեռահասների մոտ։

Սրա առաջացման պատճառներից մեկն էլ այն է, որ դեռահասներն իրենց համար շատ ավելի կարևորում են հասակակիցների հետ շփումները, և սա կարող է լինել հասակակիցների հետ միավորման ձևերից մեկը։ Օրինակ, բոլորը երկրպագում են որևէ երգչի, և այդ երկրպագողների մեջ կան իր համար կարևոր հասակակիցներ, ում հետ ինքը ուզում է շփվել, ընկերություն անել, և ինքն էլ սկսում է երկրպագել այդ հայտնի անձին, որպեսզի լինի այդ խմբավորման անդամներից մեկը։ Սա դեռահասությանը չափազանց բնորոշ գիծ է, և այս ընտրությունը պայմանավորված է նրանով, թե ինչի պակաս և ինչի բաց ունի դեռահասը։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button