ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։
Մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա (մարտի 24-26-ը) կրթական ծրագրին, որն անցկացվելու է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Նախագիծը մշակել և ներկայացնում են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտը։
Ազգային թատերական դպրոցում սովորելու ընթացքում Հայաստանի մշակույթի և արվեստի երիտասարդ գործիչները կմասնակցեն թիմային վերապատրաստումների, կլսեն Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտի առաջատար մասնագետների դասախոսությունները, կմշակեն ստեղծագործական նախագծեր, որոնց պաշտպանությունը կանցկացվի փորձագիտական խորհրդի առջև։ Ծրագրի մասնակիցները բաց երկխոսություններ կունենան Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրովի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հետ։
Նշենք, որ «Ազգային թատերական դպրոց» նախագիծը Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Ռուսաստանի ազգային թատրոնների ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Ծրագրի պատվավոր գործընկերն է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ Ծրագրի գործընկերներն են Ռուսաստանի թատերական արվեստի (ГИТИС) և Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտները։
Ծրագրի կազմակերպիչն է «Ալեքսանդրինսկի» բարեգործական հիմնադրամը։