Հայրիկի դասերը

Մենք անում ենք դա, որովհետև հայրիկներ ենք․․․Հայրիկի դասերը

Սիրելի հայրիկներ կրկին խոսենք մեր հայրիկական գործերից։ Ավելի ճիշտ, մեր, որպես հայրիկների՝ վարքագծից ու անելիքներից, կապված որդու ու դստեր դաստիարակության առանձնահատկությունների հետ։ Այո, կան նման տարբերություններ։ Այսօր կխոսենք աղջիկ դաստիարակելուց։

Սիրելի հայրիկներ, եթե ուզում եք, որ ձեր աղջիկը ձեզ սիրի ու իրեն պաշտպանված զգա սիրեք նրա մայրիկին, այսինքն՝ ձեր կնոջը։ Սա ամենակարևորն է․․․իմացեք։ Ձեր աղջիկը, տեսնելով, թե ինչպես եք վերաբերվում իրեն աշխարհ բերած կնոջը, իր անփոխարինելի մայրիկին, ձևավորելու է շատ որոշակի վարքագիծ իր կյանքի տղամարդու հանդեպ։ Բայց դա՝ ապագայում, որի հիմքը, պարզ է՝ մանկությունից է դրվում։

Աղջիկ երեխան պիտի տեսնի ու զգա, որ դուք իր մայրիկին սիրում եք ամբողջ ժամանակ, չեք զլանում դա ցույց տալ ու ամենակարևորը՝ ապացուցել այդ սերը գործերով։  

Պիտի ձեր կնոջն անեք հաճոյախոսություններ ձեր դստեր ներկայությամբ։ Իհարկե․․․նաև, բացակայությամբ։ Օգնեք կենցաղային հարցերում։ Նույնիսկ, երբ թվում է, թե ամեն ինչ կարգին է ու արդեն արված, միևնույն է կինն անընդհատ ձեր կարիքն ունի կենցաղում։ Հարցրեք ու նա կասի, թե ինչ է պետք անել։ Իսկ ձեր դուստրը, ապագայում, հենց նման տղամարդու կսկսի փնտրել՝ որպես իր կյանքի ուղեկից։

Պետք է հաճոյախոսություններ անել նաև հենց դստրիկին։ Մի զլացեք նկատել, որ շորը նրան սազում է, որ սանրվածքը գեղեցիկ է։ Որ նա ընդհանրապես խելացի է ու արագ ըմբռնող։ Տղամարդուն այդ բաներն ասելու ձևերը սովորեցնել պետք չի, տղամարդիկ ի ծնե գիտեն հաճոյախոսել, ուղղակի երբեմն մոռանում են այդ մասին, երբեմն էլ՝ ավելի երիտասարդ տարիքում՝ պարզապես քաշվում են։ Պետք է լինել կամեցող, կնամեծար ու համարձակ, դա՝ անխոս։

Աղջիկ երեխան պիտի մեծանա սիրված ու գուրգուրված, վստահ, որ ինքը միակն է ու անփոխարինելին․․․ հե՛նց այդպես։

Հայրիկը երբեք, երբեք չպիտի մտածի անգամ աղջիկ երեխային պատժելու մասին, դա ուղղակի բացառվում է։ Չի կարելի աղջկա վրա ձեռք բարձրացնել, ոչ մի դեպքում, ավելին՝ նրա վրա ձայն բարձրացնել նույնպես չի կարելի, սիրելի հայրիկներ։ Այլապես հետագայում, արդեն չափահաս իր կյանքում աղջիկ երեխան խնդիրներ կունենա տղամարդկանց հետ․․․ մի էլ կասկածեք․․․ դա օրենք է։ Ցավալին այն է, որ դուք այդ մասին շատ հնարավոր է չեք էլ իմանա, որովհետև ձեզ այդ կապակցությամբ չեն զեկուցի։ Բայց ձեր երեխայի կյանքում կլինեն բարդություններ, այնպես որ՝ դաստիարակության այդ մեթոդները իսպառ ու մեկընդմիշտ մոռանանք։

Դուք պիտի լինեք ձեր սիրելի աղջիկ երեխայի պաշտպանը՝  նրա ու նաև ձեր ցանկացած տարիքում․․․Ուզածդ իրավիճակում։ Նա միշտ պիտի զգա ձեր ամուր ուսը, նա պիտի իմանա, որ աշխարհում կա տղամարդ, որը միշտ իր պաշտպանն է, բոլոր հնարավոր դեպքերում, առանց բացառությունների։ Աղջիկ երեխան հետագայում կարող է վիճել իր ընկերոջ հետ, ընտրյալի, անգամ՝ ամուսնու։ Բայց դուք ուրիշ եք, դուք նրա ծնողն եք, նա պիտի վստահ լինի, որ միշտ իրեն եք պաշտպանելու, անգամ, եթե ինչ որ բան էլ այնպես չի արել։ Իհարկե պարտավոր եք նրան բացատրել իր սխալը, եթե խոսակցությունը կամ իրավիճակը հարթելու գործը հասել է ձեզ։ Քանզի այն հաճախ չի հասնում հայրիկներին, դրա համար կան իմաստուն ու ամենահաս մայրիկները, որոնք իրենց դստրերի հետ միշտ փսփսալու բաներ ունեն։ Բայց եթե բանը հասել է ձեզ, եթե կա ձեր միջամտության կարիքը, կարող եք բացատրել նրան իր կատարած սխալը, սակայն մի պայմանով․ նա՝ ձեր դուստրը, վայրկյան անգամ չպետք է կասկածի, որ ինչ որ բան ճիշտ արած չլինելով հանդերձ, մնում է ձեր աշխարհի կենտրոնը, ձեր սիրելի աղջիկը, որին դուք ամեն գնով կպաշտպանեք, եթե անգամ նա թույլ է տվել հնարավոր բոլոր սխալներից ամենամեծը։

Մենք անում ենք այդ ամենը, որովհետև հայրիկներ ենք․․․

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button