Մայրիկի դպրոց

Մի՛ վախեցեք խրախուսել երեխային. Մայրիկի դպրոց

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ այսօրվա զրույցը ծնողավարական հայտնի մի գործիքի՝ խրախուսանքի մասին է։

Որքա՞ն հաճախ կարելի է օգտագործել այս գործիքը,  խրախուսանքի ի՞նչ տեսակներ կան, կարո՞ղ է արդյոք խրախուսանքը ոչ թե օգնել, այլ վնասել երեխային։

Ա․ Վարդանյան — Երեխային պետք է խրախուսել բոլոր այն դեպքերում, երբ կա դրա անհրաժեշտությունը, երբ մենք, որպես ծնող, տեսնում ենք, որ այստեղ երեխան խրախուսվելու կարիք ունի կամ արժանացել է դրական, լավ հույզերով հագեցած խրախուսանքի։

Կարող ենք առանձնացնել խրախուսանքի երկու տեսակ՝ դրական, արդյունավետ խրախուսանք, որը որպես նպատակ ծառայում է և առաջացնում է որոշակի դրական փոփոխություն, և ոչ այնքան արդյունավետ խրախուսանք, որը պարզապես երեխային դրական էմոցիա է փոխանցում, և այսքանով սահմանափակվում ենք։

Մենք սովորաբար սիրում ենք ասել մեր երեխաներին «ապրե՛ս», «կեցցե՛ս», «սիրու՜նս», «խելո՜քս» և նման բառեր, որոնք ուղղակի դրական վերաբերմունք և դրական հույզեր են՝ ուղղված դեպի երեխան, որոնք, այո՛, հաճելի է լսելը, բայց բովանդակային և երկարաժամկետ առումով որևէ գործառույթ չեն իրականացնում։

Ամենևին չեմ ուզում կարծիք ստեղծվի, որ սա պիտի հանենք մեր առօրյայից։ Ո՛չ իհարկե, որովհետև սա ևս շատ կարևոր է և շատ հաճելի է երեխաների համար, բայց սա խրախուսանք չէ․ սա մեր դրական, հուզական վերաբերմունքն է նրա հանդեպ։

Եթե խոսում ենք արդյունավետ խրախուսանքից, նշանակում է, որ մեր տված արձագանքը երեխային մտածելու կամ իր մասին նորը իմանալու հնարավորություն պիտի ստեղծի։ Օրինակ, չարժե ասել «ի՜նչ լավ մեծ եղբայր ես»։ Սա շատ ընդհանրական իմաստ է պարունակում և մի քիչ էլ երկիմաստություն ունի իր մեջ այն առումով, որ ավագ եղբայրը գիտի, որ ինքը բոլոր իրավիճակներում չէ, որ իրեն որպես «լավ» ավագ եղբայր է դրսևորում․ մեկ–մեկ խաղալիք էլ է խլում, հարվածում էլ է։ Եվ եթե մենք սա դնում ենք էդ «լավ եղբայր» ասվածի մեջ և փոխանցում ենք իրեն, այնքան էլ ճիշտ չենք անում։ Բայց երբ տեսնում ենք, որ ինչ–որ հարցում ավագ եղբայրն օգնում է կրտսերին, օրինակ՝ կոշիկներն է օգնում հագնել, ձեռքը բռնած աստիճաններով իջեցնում է, օգնում է հավաքել թափածը, շատ կարևոր է այդ ընդհանրական արձագանքի փոխարեն ուղղակի ասել այն, ինչ տեսնում ենք․ ես տեսնում եմ, որ դու հոգ տարար կրտսեր եղբորդ մասին, ես տեսա, որ օգնեցիր եղբորդ հագնել կոշիկները։ Կոնկրետ արարքն ենք գնահատում, և այստեղ շատ կարևոր է այդ արարքի նկարագրությունը, որպեսզի նա հասկանա, թե ինչն է մեզ մոտ դրական հույզ առաջացնում։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button