«Արգելված» թեմաներ. Մայրիկի դպրոց
Մենք՝ ծնողներս, շատ ենք ուզում, որ մեր երեխաներն անվերապահորեն վստահեն մեզ, միշտ ու առաջինը մեզ դիմեն որևէ խնդրի դեպքում, մեզ հետ կիսեն իրենց բոլոր մտահոգությունները, մեր մեջ ընկեր տեսնեն։ Բայց, եթե հիմա փորձենք հիշել, թե որքան հաճախ ենք մեր երեխաներին ասում՝ դա քեզ չի վերաբերում, այդ մասին չարժե խոսել, ես դա քեզ հետ քննարկել չեմ ուզում, կպարզենք, որ շատ հաճախ հենց մենք ենք դնում սահման մեր ու մեր երեխաների միջև՝ արգելված թեմաներով։
Հենց այդ «արգելված» թեմաների մասին ենք այսօր խոսելու հոգեբան Արմինե Վարդանյանի հետ։
Հարց – Իրականում կա՞ն կամ պե՞տք է լինեն արգելված թեմաներ երեխաների և ծնողների միջև։
Ա․ Վարդանյան – Ես կտարանջատեմ երկու խումբ՝ իրավիճակներ, հարցեր, թեմաներ, երևույթներ, որոնք, հավանաբար, չարժե երեխաների հետ քննարկել ոչ մի դեպքում և հարցեր, թեմաներ, իրավիճակներ, կյանքի փորձություններ, փորձառություններ, որոնք ծնողների համար,գուցե, դժվարություն առաջացնեն քննարկման առումով, բայց դա չի նշանակում, որ երեխային պետք է ասել՝ դա քեզ չի վերաբերում։ Օրինակ, այդպիսի թեմաներ կարող են լինել երեխաների սեռին, սեռական հասունացմանն ու փոխհարաբերություններին, սիրահարվածությանը վերաբերող հարցերը, գումարին վերաբերող հարցերը՝ որքան ծանրաբեռնել և տեղեկացնել երեխային ընտանիքի ֆինանսների մասին, այդպիսի հարց կարող է լինել հարազատի կորուստը կամ առհասարակ մահ երևույթը՝ որպես էդպիսին, պատերազմը, կաշառքը․․․ամենատարբեր հարցեր, որոնք կարող է երեխային ներկայացնելու և քննարկելու տեսակետից մեզ համար մի փոքր դժվարություն կամ կաշկանդվածություն առաջացնեն։
Եթե այս հարցերը հատկապես տեղեկատվական բնույթի են, այսինքն՝ երեխան հարցով գալիս է մեզ մոտ տեղեկություն ստանալու նպատակով, մեր կողմից արդար չէ այս հարցերի մասին չխոսելը։ Իհարկե, կարող է լինել այնպես, որ մենք հանկարծակիի գանք, զարմանանք, ամաչենք, չկողմնորոշվենք՝ ինչպես խոսել այս պահին երեխայի հետ այդ հարցի մասին, բայց սա չի նշանակում, որ երեխայի հարցը պետք է մնա օդում անպատասխան։ Եթե հարցն առաջացել է, նշանակում է, որ երեխան, անկախ նրանից պատասխանը մեզնից կստանա, թե չի ստանա, փնտրելու է այդ պատասխանը․․.
Շարունակությունը՝ զրույցում: