Լուրեր

Ի՞նչ սովորեցրեց կենգուրուն

Եթե անգամ ինքներդ թեթև ատլետիկայով չեք զբաղվում, անհնար է, որ տեսած չլինեք, թե ոնց են նախապատրաստվում վազքին մարզիկները կարճ վազքուղիներում։ Իսկ կարճ վազքուղիները 60, 100, 200, 400 մետրանոց վազքուղիներն են։ Մարզիկները մեկնարկի գծի մոտ իջնում են մեկ ծնկի վրա, ձեռքերի ափերով հենվում գետնին և պատրաստվում վազքի։ 

«Ուշադրություն»,– ասում է մրցավարը․ այս հրահանգից հետո ծունկն ուղղվում է, ինչի հետևանքով ավելանում է ձեռքերի վրա ծանրաբեռնվածությունը։ Հետո հնչում է «մարշ» հրահանգը, ձեռքերը կտրվում են գետնից և մարզիկը ողջ մարմնով նետվում է առաջ։ 

Երբ ու ինչպես մեկնարկի այս դիրքը մտավ մարզաձև։

Պարզվում է՝ կար ժամանակ, երբ վազքի բոլոր տեսակների մրցումներն սկսվում էին ուղղահայաց դիրքից․ մարզիկը հասակով մեկ կանգնում էր մեկնարկի գծի մոտ և հրահանգից հետո սկսում վազքը։

Բայց 1887 թվականին ամերիկացի ոչ շատ հայտնի վազորդ Չարլզ Շերիլը մրցումից առաջ հայտարարեց, որ իրեն հարմար է ցածր մեկնարկով սկսել վազքը։ Մրցավարը դժգոհեց, հանդիսատեսը ծիծաղեց, բայց Շերիլին և նրա մարզչին հաջողվեց համոզել մրցավարին և․․․Շերիլն առաջինը հասավ եզրագծին։ Մասնագետներին հետաքրքրեց Շերիլի այս նորամուծությունը, և ցածր մեկնարկը մուտքը գործեց մարզաշխարհ։

Իսկ ինչպե՞ս էր Շերիլն իր փոքրիկ բացահայտումն արել։ Պարզվում է՝ դիտողունակության շնորհիվ։ Շերիլը պարզապես նկատել էր, որ այդպես՝ ցածր մեկնարկով են սկսում վազքը կենգուրուները։ Կենգուրուն մարմնով համարյա հպվում է գետնին և միանգամից պոկվում տեղից։ Մարմինը երկարցատկով նետվում է առաջ, ինչը թույլ է տալիս վազողին մի քանի ակնթարթ շահել։ Դե, իսկ կարճ վազքուղու մրցույթներում ակնթարթները որոշիչ են։ Երբեմն՝ կյանքում նույնպես։

Ահա թե ինչեր կարելի է սովորել բնությունից, եթե դիտող ես և ուշադիր։

Ցուցադրել ավելի
Back to top button