Զարթուցիչ

Ինչպե՞ս Նադդոգ անունով վիկինգը հայտնագործեց Իսլանդիան․ Զարթուցիչ

Մոտենում ենք քարտեզին և սկսում ուսումնասիրել մեր մոլորակի հյուսիսային մասը։ Այնտեղ երկու կղզի կա՝ Գրենլանդիան և Իսլանդիան, կանաչ և սառցե երկրները։ Երբևէ մտածե՞լ եք, որ երկու անունն էլ խաբուսիկ են․ ոչ Գրենլանդիան է կանաչ և ոչ էլ Իսլանդիան այնքան սառցե, որ այդպես կոչվեր։

Եթե հաշվի առնենք այն, որ օրինակ, Գրենլանդիայի ներքին շրջաններում օդի ջերմաստիճանն իջնում է մինչև -70°, իսկ Իսլանդիայի բնակեցված շրջաններում հունվարին ջերմաստիճանը մոտ է 0 աստիճանին, իսկ սառույց հանդիպում է միայն լեռների գագաթներին, պարզ կլինի, որ այս անվանումներն իսկապես այնքան էլ ճշգրիտ չեն։

Ինչպե՞ս եղավ, որ սառցապատ Գրենլանդիան կանաչ հռչակվեց, իսկ կյանքի համար միանգամայն հարմար Իսլանդիան՝ սառցե։

Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է հետ գնալ դարերի մեջ և հասնել վիկինգների ժամանակաշրջանին, այնտեղ էլ՝ փորձել կողմնորոշվել պատմության և առասպելների կծիկի մեջ։ Փորձե՞նք։

Եվ այսպես, հասանք վաղ միջնադար ու հայտնվեցինք Եվրոպայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզում, որտեղ ոչ միայն ցուրտ էր, այլև ոչ բարենպաստ պայմաններ էին սնունդ ունենալու համար․ հողը բարեբեր չէր, և սովի տարիներ հաճախ էին լինում։

Բայց կար ծովը և հեռուներում գտնվող ավելի բարեբեր տարածքներ գտնելու ցանկությունը։ Սկանդինավցիները համարձակ մարդիկ էին, ծովի հետ՝ հաշտ, և հաճախ էին խմբեր հավաքում, նավեր կառուցում ու  գնում հարստություն և փառք գտնելու։

Լավ կյանքի այս որոնողներին սկսեցին «վիկինգներ» անվանել։ «Վիկինգ» բառի տարբեր ստուգաբանություններ կան, ըստ դրանցից մեկի վիկինգ նշանակում է «սովորական ճանապարհից շեղված»։

Այս «սովորական ճանապարհից շեղվածները» նավեր էին թալանում, կռիվներ էին անում, ավազակությամբ էին զբաղվում և արևի տակ իրենց տեղն էին հաստատում բոլոր այն վայրերում, որտեղ մինչև այդ առանց իրենց էլ մարդիկ ապրում էին և՝ ոչ վատ։ Շուրջ երեք դար եվրոպացիներն աղոթելիս չէին մոռանում ասել․ «Փրկիր մեզ, Տե՛ր, հյուսիսի մարդկանց կատաղությունից»։

Բայց ոչ բոլոր վիկինգներն էին ավազակությամբ ու թալանով զբաղվում։ Շատերը գնում էին նոր երկրներ գտնելու և երբեմն հասնում էին այնպիսի հեռավոր ափեր, որտեղ մինչև այդ և ոչ մի եվրոպացի չէր հասել։

Առաջին վիկինգը, որը հասել էր անծանոթ երկրի, Նադդոգ անունով նորվեգացի մի մարդ էր։ Նա, ճիշտն ասած, չէր պատրաստվում հայտնագործություն անել և իր կարծիքով գնում էր վիկինգներին վաղուց ծանոթ մի կղզու ուղղությամբ։ Բայց մոլորվեց, ճանապարհը նրան տարավ ծանոթ կղզուց դեպի հյուսիս–արևմուտք, և Նադդոգը հասավ անծանոթ մի կղզու։ Նա բարձրացավ սարը, դիտեց շրջակայքը, մարդու բնակության ոչ մի հետք չտեսավ և որոշեց վերադառնալ։ Եվ քանի որ այդ պահին ձյուն էր տեղում, Նադդոգն այդ երկիրն անվանեց Սառցե երկիր։ Վերադառնալով՝ իր ազգակիցներին հայտնեց, որ Սառցե երկիրը հարմար չէ ապրելու համար։

Եվ, չնայած, որոշ ժամանակ անց պարզվեց, որ Սառցե երկիրն այնքան էլ սառցե չէ, անվանումն այդպես էլ մնաց։

Թե որքան են  այս պատմության մեջ միահյուսված իրականությունն ու առասպելը, դժվար է ասել, բայց պատմությունը սա է։ Իսկ թե ինչու սառցե Գրենլանդիան դարձավ «կանաչ երկիր», կպարզենք  մեկ ուրիշ անգամ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button