Մայրիկի դպրոց

Գնում ենք մանկապարտեզ․ մաս 2–րդ. Մայրիկի դպրոց

Իսկապես էլ, գնում ենք և այն էլ՝ ողջ ընտանիքով։ Հենց մեր երեխան դառնում է մանկապարտեզական, փոխվում է նաև մայրիկների և հայրիկների օրվա ընթացքը, կազմակերպական տարբեր հարցեր են առաջանում, երեխայի՝ մանկապարտեզում ունեցած խնդիրներին ճիշտ արձագանքելու անհրաժեշտություն է առաջանում։ Մի խոսքով, ինչպես ասում է հոգեբան Էմմա Արզիևան, մանկապարտեզ գնալը, այո, կարող է սթրեսային լինել ոչ միայն երեխայի, այլև մեծերի համար, որովհետև պայմանի փոփոխություն է։ 

«Անիրատեսական կլինի մտածելը, որ երեխան պետք է անարգել, սահուն գնա մանկապարտեզ։ Իհարկե, ընթացքում կլինեն տարբեր խնդիրներ, բայց մանկապարտեզ գնալը մի շարք կարևոր գործառույթներ ունի»,–ասում է մեր հյուրը։

Եվ այսպես՝ ինչու՞ է պետք մանկապարտեզ գնալ։ 

Է․ Արզիևա – Առաջին՝մանկապարտեզի շնորհիվ երեխայի օրակարգը, ռեժիմն է ավելի կառուցվածքային դառնում։ Երեխան առավոտյան շուտ է արթնանում, մանկապարտեզում քնում է, երեկոյան էլ ավելի շուտ է քնում, որպեսզի առավոտյան շուտ արթնանա։ Այս մշակույթը ձևավորվում է երեխայի մոտ, և երեխան, կարելի է ասել, ավելի կանխատեսելի առօրյա է ունենում։

Մանկապարտեզի երկրորդ կարևոր գործառույթը հասակակիցների հետ շփում ապահովելն է, որը, իրականում հեշտ գործ չէ, որովհետև հասակակիցների հետ շփման ընթացքում տարբեր խնդրային իրավիճակներ են լինում, և որքան շատ են դրանք, այնքան երեխան ավելի կոփված է լինում, ավելի հնարամիտ և սրամիտ է դառնում։ Չէ՞ որ հասակակիցների հետ պետք է խաղալիք կիսել, նույն նստարանին նստել, ինչ–որ բան խնդրել, ինչ–որ բան զիջել, իսկ սրանք երեխային կոփում են և ավելի սոցիալական են դարձնում։ Իսկ սա անգնահատելի է մեր օրերում, քանի որ երեխան շատ հաճախ մնում է տանը՝ մեծահասակների խնամքի ներքո, և նրա շփումները հասակակիցների հետ շատ սակավ են լինում։ Երբ նա գնում է դպրոց, իր համար մուտքը դպրոց կրկնակի, եռակի անգամ ավելի սթրեսային է լինում, քան այն երեխայի համար, ով մանկապարտեզի փուլը հաղթահարել է։

Եվս մեկ գործառույթ․ երեխան սկսում է տարանջատել սոցիալական միջավայրից փոխանցվող նորմերն ու կանոնները, տարբերակում է իր համար՝ ի՞նչն է լավ, ի՞նչն է վատ, ինչպիսի՞ռեակցիաներ են տալիս շրջապատող մարդիկ երեխաների վարքին։ Եվ երեխան կարող է, ասենք, բացահայտել, որ խմբում խոժոռված, լացկան, նվնվան երեխայի հետ այդքան էլ շատ չեն շփվում, իսկ, օրինակ, ժպտադեմ, բարյացկամ, կոկիկ հագնված երեխայի հետ ավելի շատ են շփվում։ Եվ երեխան այդ կերպ կբացահայտի այն սոցիալականնորմերն ու կանոնները, որոնք​ սոցիումը մեզ փոխանցում է։ Իհարկե, պետք չէ լիարժեք և միանշանակ ընդունել և մերը դարձնել այդ սոցիալական կլիշեները, բայց որքան շուտ մենք ինքներս մեզ համար տարբերակենք այդ նորմերը, այնքան ավելի հեշտ կլինի սոցիումում գոյատևելը։ Ի վերջո, ծնողավարման գործընթացի վերջնարդյունքը մեծացնելն է այնպիսի երեխա, ով կարողանում է հեշտ հարմարվել շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button