Լուրեր

Երկու հետաքրքիր ցուցահանդես, որոնք կարող եք այցելել առաջիկայում

Ապրիլի 30–ին Ծաղկաձորում՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, բացվել է և մինչև մայիսի 21–ը կգործի «Դեկկարտ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված է կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք։ Դրանք նվիրված են Մխիթար Գոշի ու Վարդան Այգեկցու այն առակներին, որոնք եղել են ակադեմիկոս Հովսեփ Օրբելու մշտական ուսումնասիրությունների թեման։

«Ինչպես առակը, այնպես էլ կյանքը, գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ»,–ասում էր Հովսեփ Օրբելին առակների մասին։ 

Մեկ ուրիշ հետաքրքիր ցուցահանդես  էլ բացվել է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում։ 

«Հայկական տարազի մոտիվները»․ այսպես է կոչվում այն։ Հեղինակը մոդելավորող-արվեստագետ Հասմիկ Մկրտչյանն է, որը հայկական տարազի ցուցադրությունն արել է իր իսկ ձեռքով պատրաստած տիկնիկների օգնությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված է 80-ից ավելի տարազ։  Առանձնացված են աշխատավորների, գյուղական, քաղաքային տարազներ։

Ցուցադրել ավելի
Back to top button