Այսօր՝ մայիսի 4–ին, «Աստղային պատերազմներ» կինոպատումի երկրպագուները նշում են «Աստղային պատերազմների օրը», որը հայտնի է նաև «Լյուք Սքայուոքերի օր» անունով։ Եթե դիտել եք կամ դիտում եք այս կինոպատումի տարբեր մասերը, ապա գիտեք, իհարկե, որ Լյուք Սկայուոքերը ֆիլմի գլխավոր կերպարներից է։
«Աստղային պատերազմների օրը» պաշտոնապես գրանցված տոն չէ, բայց դա ամենևին չի խանգարում, որ նշվի աշխարհի տարբեր անկյուններում․ չէ՞ որ վաղուց արդեն «աստղային պատերազմներ» բառակապակցություն ասելով ոչ միայն ֆիլմն են հասկանում, այլև համանուն մուլտֆիլմը, ֆիլմի հիման վրա ստեղծված կոմիքսները, համակարգչային համանուն խաղերը, ֆիլմի հերոսներին և նրանց իրերը ներկայացնող խաղալիքները, ֆիլմի հերոսների պատկերներով հագուստը և այլ իրեր։ Մի խոսքվ՝ «Աստղային պատերազմների» մասին գիտեն անգամ նրանք, ովքեր կինոպատումը չեն էլ տեսել։
Իսկ ինչու է հենց մայիսի 4–ն ընտրվել որպես «Աստղային պատերազմների օր»։ Սովորական բառախաղի պատճառով։ Ֆիլմում հաճախ է հնչում «թող քեզ հետ լինի ուժը» արտահայտությունը, որն անգլերեն հնչում է այսպես՝ May the Force be with you։ Force–ը ոմանք հնչեցնում են fourth, և ստացվում է՝ մայիսի 4–ը թող քեզ հետ լինի։ Դե, ֆիլմի երկրպագուներն էլ ամենևին դեմ չեն, որ մայիսի 4–ն իրենց հետ լինի և տոնական դառնա իրենց համար։
«Աստղային պատերազմների օրվա» առաջին զանգվածային տոնակատարությունը, որն ուղեկցվել է դիմակահանդես–երթով և շոու ծրագրով, եղել է 2011 թվականին Տորոնտոյում։ Հետագա տարիներին այն արդեն նշվել է աշխարհի տարբեր երկրներում, և իհարկե այս տոնի հանրահռչակման համար մեծ դեր են խաղացել սոցիալական հարթակները։
Մայիսի 4–ը համարվում է ձայնագրիչի գյուտի օրը։
1878 թվականի հենց այս օրն է տեղի ունեցել ձայնի գրանցման և վերարտադրման առաջին սարքի՝ ձայնագրիչի հրապարակային ցուցադրումը, որը գյուտի հեղինակին՝ Թոմաս Էդիսոնին միանգամից հռչակավոր դարձրեց։
Շատ մեծ երևակայություն պետք չէ ունենալ հասկանալու համար, թե ձայնագրիչի գյուտը ինչ հսկայական ազդեցություն է ունեցել հետագայում տեսաձայնագրման ոլորտի զարգացման գործում։
Ձայնի վերարտադրման հնարավորությունը այն ժամանակ կախարդանք էր թվում, և շատերն Էդիսոնին անվանում էին «կախարդը Մենլո Պարկից»։ Ինքը՝ Էդիսոնն էլ ապշած էր իր ստեղծածաից և այդ առթիվ ասել է․ «Ես իմ կյանքում երբեք այսքան ցնցված չեմ եղել։ Միշտ վախեցել եմ այն իրերից, որոնք առաջին իսկ փորձարկումից աշխատում են»:
Իսկ հաղորդման երկրորդ հատվածում բոլորիդ հրավիրում ենք հյուրասրահ՝ ծանոթանալու մեր նոր ընկերուհու՝ Սոնա Բաբասյանի հետ։