Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը: