Մայրիկի դպրոց

Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողով. Միասին հաղթահարել քաղցկեղը

Մայիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կանցկացվի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը։ Սա առողջապահական և բժշկագիտական ոլորտի՝ տարվա խոշորագույն միջոցառումներից է, որի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների աշխարհի տարբեր երկրներից։

Մեր հյուրի՝ Արյունաբանական կենտրոնի պալիատիվ խնամքի կլինիկայի ղեկավար Անուշ Սարգսյանի հետ զրույցը համաժողովի, մանկական քաղցկեղի հետ բախված ծնողներին մի քանի կարևոր խորհուրդների և պալիատիվ խնամքի առանձնահատկությունների մասին է։

Ա․ Սարգսյան – Այո, սա շատ մեծ համաժողով է՝ 15–րդ հոբելայանական համաժողովն է։ Տեղի է ունենալու Հայաստանում, իսկ դա մեծ պատիվ է բոլորիս համար։ Մեծ ձեռքբերում է՝ կարողանալ հյուրընկալել բազմաթիվ բժիշկների, միջազգային ճանաչում ունեցող հայտնի կլինիկաների ղեկավարների, մասնագետների, որոնց հետ մենք, իհարկե, արդեն որոշակի կապեր ստեղծել ենք, և դա է նաև պատճառը և առիթը, որ իրենք լինելու են այստեղ։

Որևէ մեկն ապահովագրված չէ այս հիվանդությունից՝ անկախ սոցիալական վիճակից, անկախ մտավոր կամ կենցաղային հնարավորություններից։ Երբ որ կա այդ խնդիրը, դա, իհարկե, մեծ սթրես է ընտանիքի համար։ Նրանք անելանելի վիճակում են գտնվում, և առաջին միտքը հետևյալն է․ երեխային տանել արտերկիր, որտեղ կլինի լավագույն բուժումը։ Մեր բժիշկները լավագույններից են։ Առաջին խորհուրդը ծնողներին․ ցայտնոտի չմատնվել, դիմել տեղացի բժիշկներին, հարցերը քննարկել նրանց հետ և ժամանակ չկորցնել։ Նույնիսկ եթե պլանավորում եք երեխային տանել, լավ կլինի սկսել այստեղ, մինչև որ այդ հարցերը, որոնք բավականին լուրջ հարցեր են, կկարգավորվեն։

Պալիատիվ խնամքը մեծ հասկացություն է, նախատեսված է կյանքը սահմանափակող, անբուժելի հիվանդություններով մարդկանց համար, մանկական պալիատիվ խնամքի պարագայում՝ երեխաների համար։

Պալիատիվ խնամքի թիրախը ոչ միայն տվյալ երեխան է, այլ նաև ընտանիքի անդամները, նրան շրջապատող մարդիկ, որովհետև երբ ընտանիքում կա երեխա, որը խնդիր ունի, ամբողջ ընտանիքն է կարծես հիվանդանում։

Մեր բաժանմքունքը բացվել է 2021 թվականին։ Սա միակ մանկական պալիատիվ խնամքի բաժանմունքն է, նախատեսված է արյունաբանական և ուռուցքաբանական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Բաժանմունքը 5 մահճակալ ունի․ միջազգային մեր փորձագետները օգնել են հաշվարկելու, թե քանի մահճակալի կարիք ունենք։ Հաճախ են հարցնում՝ քիչ չէ՞ արդյոք 5 մահճակալը։ Ասեմ՝ ոչ։ Մինչև այժմ միաժամանակ զբաղված ընդամենը 4 մահճակալ է եղել։

Շատ կարևոր է նաև ունենալ տնային պալիատիվ խնամքի ծրագիր, որի վրա մենք լուրջ աշխատում ենք և հույս ունեմ, որ այս տարի կսկսենք իրագործել այն․․․

Լսե՛ք զրույցն ամբողջությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button