Մայրիկի դպրոցում հյուրընկալել ենք հոգեբան Արմինե Վարդանյանին։ Քննարկելու ենք այն իրավիճակները, երբ հանկարծ հայտնաբերում ենք, որ մեր երեխան ընդգծված եսասեր է՝ էգոիստ, և որ դա մեզ սարսափելի դուր չի գալիս․․․
Հարց–Ես ասացի՝ հանկարծ հայտնաբերում ենք, բայց, իհարկե, մանկական ու պատանեկանեսասիրությունը հանկարծ ի հայտ եկող հատկանիշ չէ․ այն դրսևորվում է տարբեր իրավիճակներում, տարբեր հարաբերություններում, երբեմն մենք դա չնկատելու ենք տալիս, երբեմն՝ արդարացումներ գտնում դրա համար, բայց մեկ էլ մի օր վրդովված, հուզված կամ վիրավորված ասում՝ դու էգոիստ ես։ Ասում ենք այնպես, կարծես թե դա մեզ հետ կապ չունի և մենք հանկարծ ենք դա պարզել․․․
Ա․ Վարդանյան–Առհասարակ եսասիրությունը սեփական անձի, սեփական պահանջմունքների, սեփական «եսի» վրա գերկենտրոնացումն է, երբ ամեն ինչից առաջնահերթ կարևորում են սեփական «եսը»։ Երևույթը նույնն է, բայց փոքրիկները դա այլ կերպ են դրսևորում, մի քիչ ավելի մեծ տարիքում դա այլ կերպ է դրսևորվում, հասուն տարիքում՝ գուցե մի փոքր այլ ձևով։ Նույն փոքրիկների մոտ մենք կարող ենք տեսնել, որ, օրինակ, չի ուզում իր խաղալիքը տալ ուրիշի, բայց սա միանգամից որակել «եսասիրություն» ճիշտ չի լինի։ Կամ, օրինակ, պատանեկան տարիքում միջանձնային փոխհարաբերություններում ավելի շատ ուզում է, որ իր ասածը, իր կարծիքը, իր տեսակետն ընդունվի և ամեն ինչ հաշվի առնվի՝ իր մոտեցումները նկատի ունենալով։ Շատ տարբեր դրսևորումներ կարող են լինել՝ փոքրերի մոտ մի քիչ ավելի պարզ, մեծերի մոտ՝ մի քիչ ավելի բարդեցված։
Այստեղ հենակետայինն այն է, որ մենք, որպես ծնող, հասկանանք, թե որն է եսասիրության մասին այն ազդակը, որից պետք է անհանգստանանք։
Փոքրիկների օրինակը բերեցի․ խաղալիքը չի ուզում ուրիշի տալ։ Եթե մինչև երեխայի 3 տարեկանը շտապենք այս դեպքերում այսպիսի որակում տալ՝«ընդհանրապես իր խաղալիքները ոչ մեկի չի տալիս, շատ էգոիստ է, խոզի մեկն է», սխալված կլինենք, որովհետև հաշվի չենք առնի, որ մինչև 3 տարեկան երեխան իր խաղալիքներն ու իրերը որպես իր մարմնի մի մասն է ընկալում։ Եվ եթե երեխայի տեսանկյունից նայենք, ապա պատկերացրեք, թե որքան դաժան բան է նրանից պահանջել, որ տա մի բան, որն ինքն իր հետ որպես մեկ ամբողջականության մեջ է ընկալում։ Եվ այս պարագայում ասել, որ նա էգոիստ է, այնքան էլ ճիշտ չէ։
Բայց եթե ասենք, որ երեխան չգիտի, թե ինչպես է պետք իր խաղալիքներով խաղալ և կիսվել մյուսների հետ, սա իրավիճակի ավելի ճշգրիտ բնութագրում կլինի։ Եվ եթե մենք, որպես ծնող, այս հարցում անհանգստանում ենք, ոչ թե պետք է ստիպենք երեխային, որ ինքն անպայման իր իրերից մեկը տա ուրիշի, այլ պետք է նրան ցույց տանք, թե ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ։ Հենց մե՛ր օրինակով։ Օրինակ, կարող ենք թույլ տալ, որ մեր իրերը ինքը, որոշակի կանոններով, համատեղ օգտագործի և այդտեղ շեշտադրում անենք։ Օրինակ՝ տե՛ս, հիմա մենք միասին վերցրել ենք մայրիկի՛ տետրը և մայրիկի՛ գրիչը և միասին կարող ենք նկարել։ Նույնը կարող ենք փոխանցել խաղի մեջ․ կարո՞ղ եմ ես քո՛տիկնիկը վերցնել, քո՛ տիկնիկով խաղալ։ Այսինքն՝ աստիճանաբար երեխային բերել նրան, որ կարողանա իր իրերը այլ մարդկանց հետ օգտագործել։
Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները կարողանան հաղորդակցման ընթացքում եսասիրություն չդրսևորել, ապա մենք պետք է ոչ թե նրանց էգոիստի պիտակը տանք, այլ սովորեցնենք, թե դա ինչպես է արվում։
Շարունակությունը՝ զրույցում: