Ամառային արձակուրդներն անցկացնելու հետաքրքիր տարբերակներ

7-17 տարեկան պստիկ ու մեծ հնագետներ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանը հունիսի 17-ին ժամը 12:00-ին, Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում, ձեզ սիրով հրավիրում է մասնակցելու հնագիտական օլիմպիադային։ Հաղթողները կստանան մրցանակներ և, ամենակարևորը, հնարավորություն կունենան մեկ օր իրենց մասնակցությունը ցուցաբերելու Էրեբունի հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող պեղումներին։
Հրաշալի հնարավորություն է, բաց մի թողեք։
Իսկ եթե ձեզ հետաքրքրում են բնագիտական առարկաներն ու գիտափորձերը, ապա ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնած բնագիտական առարկաների աշխատարանը ձեզ, հաստատ, կհետաքրքրի։

Ծրագրին կարող են մասնակցել 8-12-րդ դասարանցիները: Դպրոցականները ԵՊՀ դասախոսների, ուսանողների օգնությամբ կսովորեն ինքնուրույն իրականացնել գործնական աշխատանքներ, մանրադիտակով ուսումնասիրություններ, թեստավորումներ, փորձեր՝ ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից:
Ծրագիրը , որը ներառում է գիտափորձեր, Էքսկուրսիաներ, ֆիլմի դիտումներ, կմեկնարկի հունիսի 22–ին, կտևի մինչև հուլիսի 6–ը։ Ծրագրին մասնակցության համար պետք է լրացնել հարցաթերթիկ մինչև հունիսի 20–ը։
Ձեր հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել թե՛ ՖԲ սոցիալական կայքի, թե՛ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով։