Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը:
Հատկանշական է՝ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է ազատ կամ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթում թիմային պայքարում:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:
Առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է 71 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը՝ մրցումային վերջին օրը 6-2 հաշվով կամային հաղթանակ տանելով դաղստանցի Իսլամ Կաժարովի նկատմամբ ու դառնալով ոսկե մեդալակիր:
Առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Սաշա Պետրոսյանը (60 կգ), Արման Հարությունյանը (48 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Տիգրան Բունիաթյանը (51 կգ) և Վլադիմիր Ազարյանը (65 կգ):
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր 10 ըմբիշով: