Ի՞նչն է շատ հետաքրքիր դարձնում բնագիտությունը․ իհարկե, գիտափորձերը, երբ ոչ թե կարդում ես, թե ինչպես է նյութից նյութ ծնվում, կամ՝ թե ինչ է կատարվում մանրադիտակի տակ, այլ տեսնում ես քո աչքով։ Դե, իսկ եթե նաև ինքդ ես փորձը կատարում, ապա շատ հստակ ես սկսում զգալ, որ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը ոչ թե դասացուցակի առարկա են, այլ հե՛նց կյանքն են, որն ապրում է իր օրենքներով և հենց քո կողքին։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մինչև հուլիսի 6-ը ԵՊՀ-ում կգործի բնագիտական առարկաների ամառային աշխատարանը, որը բնագիտությամբ հետաքրքրված 8-12-րդ դասարանցի աշակերտներին հնարավորություն կտա հենց գիտափորձերով հասկանալու այն ամենը, ինչը գրված է դասագրքերում։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանին խնդրել ենք մանրամասնել՝ ինչ նախաձեռնություն է սա, ովքեր կարող են մասնակցել և այսօր՝ հունիսի 20-ին, ցանկացողները դեռ կարո՞ղ են գրանցվել, թե՞ արդեն՝ ոչ։
Լ․Խառատյան — Այո, հունիսի 20-ը գրանցման վերջին օրն է, այնպես որ, եթե ցանկություն ունեք, ապա կարող եք գրանցվել․ հայտարարության մեջ հղում կա, այդ հղումով կարող եք գրանցվել։
Շարունակական կրթության կենտրոնը ԵՊՀ կառույցներից է, որը երկու հիմնական ուղղությամբ է աշխատում։ Մեկը ԵՊՀ դասախոսների և ընդհանրապես ներքին աշխատակազմի վերապատրաստումներն են և երկրորդ մեծ ուղղությունը, որով մենք պիտի ավելի ակտիվանանք, ԵՊՀ հիմնական կրթական ծրագրերից դուրս կրթական առաջարկ ձևավորելը և առաջարկելն է տարբեր թիրախ խմբերի։ Բնագիտական առարկաների ամառային աշխատարանը հենց ա՛յդ ուղղությամբ ենք նախաձեռնել։
Սկզբում փոքրիկ հետազոտություն արեցինք, փորձեցինք հասկանալ, թե ինչ պահանջարկ կարող է լինել և ԵՊՀ-ն իր ունեցած ռեսուրսներով ի՞նչ կարող է առաջարկել՝ որպես կրթական ծրագիր։ Ու հասկացանք, որ մեծ բաց կա․ երեխաները հանրակրթական դպրոցներում, հիմնականում, երբ սկսում են սովորել բնագիտական առարկաներ, մասնավորապես՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, շատ կաղում է հենց փորձերի մասը։
Հիմնականում դասագրքերում եղած տեքստերն են սովորում և վերարտադրում, սակայն իրական փորձեր, որոնք շատ կարևոր են հատկապես այս առարկաների պարագայում, կարծես թե՝ չեն անում կամ շատ քիչ դպրոցներում է, որ անում են, որովհետև դպրոցների մեծ մասը չունի հագեցված լաբորատորիաներ կամ առհասարակ չունի լաբորատորիաներ։ Մտածեցինք, որ քանի որ ԵՊՀ-ն ունի բավականին նոր, թարմ հագեցված լաբորատորիաներ և ունի դասախոսներ, որոնք կարող են օգնել աշակերտներին յուրացնելու այն ամենը, ինչը դասագրքերում մատուցվում է փորձերի նկարագրությամբ, կարելի է նախաձեռնել նման ամառային դպրոց։
Ուսանողներ էլ են ներգրավված այս գործում, և վարողներից ոմանք որոշ դեպքերում հենց ուսանողներն են լինելու, ինչը կարող է ավելի հետաքրքիր լինել աշակերտների համար, որովհետև տարիքով իրենց ավելի մոտ մարդիկ են։
Շարունակությունը՝ զրույցում։