Իտալացի ֆիզիկոս, աստղագետ, ինժեներ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյի անունը ծանոթ է բոլորիդ։
Գալիլեյը համարվում է դիտողական աստղագիտության, ժամանակակից ֆիզիկայի, գիտական մեթոդի և ժամանակակից գիտության «հայրը»։ Յուրաքանչյուր դպրոցական գիտի նաև, որ Գալիլեյը Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի մասին տեսության կողմնակիցն էր։ Նրա ուսումնասիրություններն այդ տեսության մեջ նոր հայտնագործությունների հիմք դարձան։
Այսքանը գիտենք բոլորս, բայց օրինակ, շատերը չգիտեն, որ Գալիլեյը, հանգամանքների բերումով, հրաժարվել է արևակենտրոնության մասին իր հայացքներից։
«Հանգամանքների բերում» ասելն այնքան էլ ճիշտ չէ այս դեպքում, որովհետև խոսքը պարզապես ճնշման մասին է։ 1632 թվականին Գալիլեյը հրատարակեց մի գիրք, որը կոչվում էր «Երկխոսություն երկու գլխավոր՝ պտղոմեոսյան և կոպեռնիկոսյան համակարգերի մասին»։ Այս աշխատությունը իտալական ինկվիզիցիան համարեց հերետիկոսական, արգելեց գրքի վաճառքը, իսկ Գալիլեյին կանչեց Հռոմ՝ քննության և դատավարության։
Գործը քննվեց 1633 թվականի ապրիլից մինչև հունիս, իսկ նույն թվականի հենց այս օրը՝ հունիսի 22–ին, սուրբ Միներվայի մենաստանում, որտեղ իր մահվան դատավճիռն էր լսել մեկ այլ բոլորիդ հայտնի գիտնական՝ Ջորդանո Բրունոն, Գալիլեյը ծնկաչոք հրաժարվեց իր ուսմունքից։
Կյանքի վերջին տարիները Գալիլեյն անցկացրեց ծանր պայմաններում՝ տնային կալանքի մեջ, ինկվիզիցիայի մշտական հսկողության ներքո։ Եվ միայն դարեր անց՝ 1979 թվականին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2–րդը խոստովանեց, որ 1633 թվականին ինկվիզիցիան սխալ է գործել՝ Գալիլեյին ստիպելով հրաժարվել իր հայացքներից։
Այսօր յուրաքանչյուրս էլ գիտի, որ մեր մոլորակը՝ Երկիրը, արևակենտրոն համակարգի մի մասն է, և դժվար է պատկերացնել, որ դարեր առաջ գիտնականները պարզ այս ճշմարտությունն ապացուցելու համար շատ թանկ են վճարել՝ երբեմն՝ կյանքով և նսեմացումներով։