«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը, որը կմեկնարկի հունիսի 23-ին Վանաձորում, կհյուրընկալի արվեստագետների, կինոգործիչների և մտավորականների՝ Լոռու մարզը վերածելով մշակութային խաչմերուկի:
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակութային պալատի հարակից տարածքում հունիսի 23-ից հունիսի 30-ը տեղի կունենան ֆիլմերի դիտումներ, համերգային ծրագրեր: Ելույթ կունենան «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Ակունք» ազգագրական համույթը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, «Ֆոլկ մոդեռն» անսամբլը և այլք:
«Ֆրեսկո»-ի ընթացքում կցուցադրվեն 30-ից ավելի միջազգային ֆիլմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Պարսկաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից և այլ երկրներից (խաղարկային, անիմացիոն, լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային), որոնք մերժում են պատերազմները, էկոլոգիական աղետները, բռնությունը, քարոզում խաղաղություն, մարդասիրություն, հայրենասիրություն, անդրադառնում են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ներկայացնում նրանց կարողությունները, արարելու և աշխատելու ներուժը: «Ֆրեսկո»-ն նաև կհյուրընկալի միջազգային փառատոնների կազմակերպիչների: Լեհաստանից կժամանեն Հայր Մարեք Լիսը, Պիոտեր Պիետրուսը, Ուկրաինայից Վլադ Ռոբսկին, Իսրայելից լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, Իրանից Ֆատեմե Մոհամմեդին և այլք:
Վանաձորում տեղի կունենա նաև ստեղծագործական հանդիպում կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր Կշիշտոֆ Զանուսիի հետ, իսկ վարպետության դաս կանցկացնի իսրայելացի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը:
Հայաստանյան և միջազգային ֆիլմերը դուրս կգան դահլիճներից. բացօթյա ցուցադրություններն ու առանց տոմսի միջոցառումները կդառնան հայաստանցիների և զբոսաշրջիկների առօրյայի անբաժան մասը:
Հուլիսի 7-ից հուլիսի 9-ը փառատոնի ավարտը կտրվի քաղաք Էջմիածնում: