Մայրիկի դպրոց

Վտանգավոր մուլտֆիլմեր. մաս 2-րդ

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ շարունակում ենք քննարկել «վտանգավոր» մուլտֆիլմերի թեման։ Այս անգամ կփորձենք «վտանգների» մի քանի շերտ առանձնացնել և մայրիկների ուշադրությունը հրավիրել դրանց վրա։

Ա․ Վարդանյան — Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ լավագույն տարբերակը մինչև 3 տարեկան երեխաներին առհասարակ էկրաններից հեռու պահելն է, իսկ եթե կա դրա խիստ անհրաժեշտությունը, ապա այդ անել գոնե շատ սահմանափակ ժամանակում։ Եվ, իհարկե, սկսած առաջին իսկ փորձից, կարևոր է, որ մենք ծանոթ լինենք այն բովանդակությանը, որը հասանելի է լինելու երեխային՝ ի՛նչ էլ դա լինի․ մուլտֆիլմ, երգ, կարճ տեսահոլովակ․․․ի՛նչ էլ լինի։ Ինչու՞ է կարևոր, որ մենք ծանոթ լինենք բովանդակությանը, և ի՞նչն է այստեղ վտանգավոր։

Այն բովանդակությունը, որն ստանում է երեխան էկրանից, իր համար տեղեկություն է, և այն տեղեկությունը, որը ստանում է երեխան, հետագայում օգտագործում է կյանքում՝ իրեն հանդիպած տարբեր իրավիճակներում։

Օրինակ, մուլտֆիլմի հերոսն ունի որոշակի վարք, ասենք՝ բարդ իրավիճակներում կամ երբ չի ստանում իր ուզածը, բղավում է, լաց է լինում, կոտրում է ինչ-որ իրեր։ Եթե մենք երեխային տալիս ենք նման բովանդակություն, ապա պետք է պատրաստ լինենք, որ նրանից ստանալու ենք նմանատիպ վարք, որովհետև երեխան ընդօրինակում է հերոսի վարքը և տեսնում է, որ՝ ինձ ինչ-որ բան չեն տալիս, ա՛յ, օրինակ, այն հերոսը այսպես էր անում։ Ինքն այդպիսի տեղեկություն ունի։ Իհարկե, հիշում ենք, որ սրանք գիտակցված գործընթացներ չեն։ Սրանք ուղղակի լցվում են երեխայի հոգեկան պաշարների մեջ և հետագայում օգտագործվում են նրա կողմից։

Հարց — Նյարդային համակարգի վրա ազդեցության տեսանկյունից վտանգավոր մուլտֆիլմեր կա՞ն։

Ա․ Վարդանյան — Առհասարակ էկրաններն ունեն նյարդային համակարգի վրա բացասական ազդեցություն, եթե դրանք չափավոր չեն օգտագործվում և ճիշտ չեն օգտագործվում։ Ցանկացա՛ծ էկրան, որովհետև այնտեղ ընթացքը բավականին արագ է և ինֆորմացիոն հոսքը բավականին շատ է։ Երեխայի ուղեղը չունի այդ ստացած տեղեկությունը մարսելու հնարավորություն։ Եվ մենք կնկատենք, որ դրանից հետո մի տեսակ թմրած կարող է լինել երեխան, մեր ասածը կարծես թե տեղ չի հասնում, ինքն իսկապես, հե՛նց ֆիզիկապես մեզ չի լսում։ Կամ հակառակը՝ գերլարված, պրկված վիճակում է։ Սա նրանից է, որ ուղեղը բավականին շատ տեղեկություն է ստացել և չի հասցրել մարսել․․․

Ցուցադրել ավելի
Back to top button