Զարթուցիչ

Բացահայտելով Վանաձորը. Զարթուցիչ

Արդեն հասցրե՞լ եք ամառային արձակուրդներին Երևանից դուրս գալ ու բացահայտել Հայաստանի մարզերը։ Եթե ոչ, ապա մեր այսօրվա եթերը ձեզ կուղղորդի Հայաստանի`մեծությամբ երրորդ քաղաք՝ Վանաձոր, որտեղ էլ կզգաք Լոռվա շունչը։

Վանաձորի տարածքում գտնվող բնակավայրը Գուգարքի հետ միասին, մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում եղել է Մեծ Հայքի թագավորության կազմի մեջ, իսկ արդեն մեր թվարկության 10-րդ դարում՝ Կյուրիկյան թագավորության: Նախկինում քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, որը նշանակել է Սև Եկեղեցի։ Ենթադրվում է, որ անունը թաթարական է և այն տրվել է 13-րդ դարի սկզբներին՝ Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարից կառուցված եկեղեցու անունով:

Որպեսզի շփոթմունք չառաջանա, նշենք, որ Հայաստանում Ղարաքիլիսա անվամբ մի քանի բնակավայրեր են եղել։ Ըստ Խաչատուր Աբովյանի հուշերի, որը Ղարաքիլիսա էր ժամանել 1829 թվականին, այստեղ հազիվ 500-600 բնակիչ կար, որոնք գաղթել էին Երևանից: Հետագայում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաքիլիսայում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիքներ:

Վանաձորը քաղաքային բնակավայր է դարձել 1924 թվականից: Մինչև 1935 թվականը քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, սակայն հետո խորհրդային իշխանությունները փոխում են քաղաքի անունը Կիրովական, ի պատիվ հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի։ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո քաղաքի անվանումը փոխվում է և դառնում՝ Վանաձոր։ Խորհրդային տարիներին քաղաքը եղել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Այդ տարիներին գործել է արդյունաբերական 27 ձեռնարկություն, որոնցից ամենաառաջատարը եղել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանը։ Վանաձորում աշխատել է նաև «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումը, որը իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից է եղել:

Քաղաքի վրա բացասական մեծ ազդեցություն է ունեցել նաև 1988 թվականի երկրաշարժը, սակայն քաղաքը կարելի է ասել մեծամասամբ հաղթահարել է դրա հետևանքներն ու հիմա ծաղկում է ապրում։

Վանաձորում գործում են 6 բուհ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, 10 մարզադպրոց, ընդհանուր առմամբ 19 մշակութային հիմնարկ, որոնք ներառում են՝ երաժշտական դպրոցներ, արվեստի դպրոցներ, երգչախմբեր, մշակույթի տներ, թատրոններ, թեթև արդյունաբերական ձեռնարկություններ և այլն: Վանաձորում, 2019 թվականի տվյալներով, բնակվում է 77,600 մարդ։ Սակայն խորհրդային վերջին տարիներին Վանաձորի՝ նախկին Կիրովականի բնակչությունը հասել էր մոտ 170 հազարի, ապա կտրուկ անկում ապրել 1988 թվականի երկրաշարժի և դրան հաջորդող տարիների սոցիալական պայմանների պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button