Հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացել է BSides Yerevan 2023 կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։
BSides-ը լայն տարածում ունի աշխարհում․ այն անցկացվել է ավելի քան 60 երկրի 220 քաղաքում։ Մեր տարածաշրջանում այն առաջին անգամ էր։
«Security BSides կոնֆերանսը ծագել է 2009 թվականին՝ Լաս Վեգասում։ Առաջին անգամ է անցկացվել Հայաստանում և ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր ողջ տարածաշրջանում։ Ոչ միայն հարավային կովկասի մասին է խոսքը, և առանց համեստության պետք է ասենք, որ բավական հպարտ ենք, որ մենք առաջինն ենք տարածաշրջանում այդ կոնֆերանսն անցկացրել» — նշում է CYHub Armenia-ի կիբերանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանը։
Համաժողովի ընթացքում կիբերանվտանգության ոլորտի ավելի քան 10 մասնագետ հանդես է եկել հետաքրքիր զեկույցներով եւ պանելային քննարկումներով։ Արծարծվել են կիբերանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբերհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներ եւ այլն։