Մինչև 4 ամսական երեխաների համար լացը հաղորդակցության հիմնական միջոցն է․ աշխարհի բոլոր նորածիններն իրենց պահանջների մասին տեղեկացնում են լացով։ «Հետաքրքիրն այն է, որ նաև՝ նույն ինտոնացիայով։ Ինտոնացիան հետո է փոխվում, դառնում տվյալ լեզվին, տվյալ մշակույթին բնորոշ», – ասում է հոգեբան Էմմա Արզիևան։
Այսօրվա զրույցը մանկական լացի և դրան մեր արձագանքների մասին է․ ինչու՞ է երեխայի լացն այդքան ազդեցիկ և ինչու՞ ենք ջանում հնարավորինս արագ դադարեցնել այն։
Է․ Արզիևա – Առաջինը, որ կուզենայի նշել, այն է, որ հասարակությունն ունի շատ ցածր հանդուրժողականություն երեխաների լացի նկատմամբ, և իմ ամենասիրելի օրինակն այն է, որ երբ ինքնաթիռում կամ ավտոբուսում մեկի երեխան լացում է, բոլորը չեն զլանում և շրջվում են այդ կողմ, նայում ծնողներին, թե՝ մի բան արե՛ք, լացը կտրե՛ք։
Եվ ծնողների առաջին ռեակցիան էլ դա է․ հնարավորինս արագ հանգստացնել երեխայի լացը։
Բայց արդյո՞ք դա ճիշտ մոտեցում է, և արդյո՞ք չկան լացի տեսակներ, որոնք օգնում են երեխային։
Փորձենք խմբավորել լացի պատճառները։ Առաջին խմբում այն պատճառներն են, որոնք ֆիզիկական դիսկոմֆորտով են պայմանավորված՝ ցավ, քաղց, քնի պահանջմունք, որից ելնելով երեխան լաց է լինում։
Երկրորդ խումբ․ ափսոսանքի, ֆրուստրացիայի լաց, որը պայմանավորված է որևէ բան ուզելու և չստանալու հանգամանքով, երբ երեխան սկսում է հասկանալ, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ իր ուզածով է, և ունենում է ափսոսանքի արցունքներ։
Երրորդ խումբ․ անելանելիության լաց, որի դեպքում պետք է հնարավորինս շուտ օգնել երեխային և այդ անելանելիության զգացումը հաղթահարել։
Ծնողը պետք է ադեկվատ լինի երեխայի լացի պահին, այսինքն՝ պետք է հասկանա, թե ինչ պատճառով է երեխան լաց լինում։ Նույնիսկ եթե դա իր համար ամենաանհեթեթ պատճառն է, չասի՝ ստից բանի համար ես լաց լինում։ Չէ՞ որ հնարավոր է ծնողի համար պատճառը շատ անիմաստ է, բայց ի՛ր՝ երեխայի համար շատ իմաստալից է։
Շարունակությունը՝ զրույցում։