Շատ հնարավոր է, որ ձեր մանկության խաղալիքների մեջ, չի բացառվում նաև՝ հենց սեղանին, կա մի զարմանալի գունավոր խորանարդ, իսկական գլուխկոտրուկ, որի անունն է․․․իհարկե, Ռուբիկի
խորանարդ, և որի շնորհիվ հուլիսի 13–ն օրացույցում հայտնի է որպես Գլուխկոտրուկի միջազգային օր։
Օրը սահմանվել է ի պատիվ հունգարացի ճարտարապետ և դիզայներ Էռնո Ռուբիկի, որը ծնվել է 1944 թվականի հուլիսի 13–ին և համաշխարհային ճանաչում է ստացել իր գյուտի շնորհիվ։
Երբ Էռնո Ռուբիկը դասավանդում էր Բուդապեշտի կիրառական արվեստի ակադեմիայում, մաթեմատիկական տեսություններից մեկն ուսանողներին մատչելի մատուցելու տարբերակների փնտրտուքի մեջ ստեղծեց մի խորանարդ, որը կազմված էր 27 փոքր և տարբեր գույներ ունեցող խորանարդիկներից։
Առաջադրանքը գիտեք, կարծում եմ, բոլորդ․ խորանարդիկների նույն գույներն ի մի բերել նույն կողմում։
Հենց սկզբից պարզվեց, որ Ռուբիկի արտոնագրած խորանարդը հետաքրքիր գլուխկոտրուկ է, և դրա առաջին խմբաքանակը 1977 թվականին արագորեն վաճառվեց Հունգարիայում ու հայտնի դարձավ որպես Մոգական խորանարդ։
Մոգական խորանարդն իր համաշխարհային հռչակն ստացավ այն բանից հետո, երբ սրճարաններից մեկում այն տեսավ գերմանացի ձեռնարկատեր Թիբոր Լացին։
Նա գործընկերոջ հետ ստանձնեց Մոգական խորանարդի առևտրային առաջընթացը կազմակերպելու գործը։ Շուտով այս գլուխկոտրուկի արտադրության արտոնագիրը գնեց Ideal Toy Corporation ընկերությունը։ Դա 1980 թվականն էր։
Այդ ժամանակից սկսած «Ռուբիկի խորանարդ» անվանումն ստացած գլուխկոտրուկն սկսեց իր հաղթարշավը՝ միլիոնավոր օրինակներով վաճառվելով աշխարհի տարբեր երկրներում։ Հուլիսի 13–ը, իհարկե, նախևառաջ Ռուբիկի խորանարդի շնորհիվ է օրացույցում առանձնացել որպես Գլուխկոտրուկի օր, բայց այսօր ավելի լայն ընդգրկում ունի և նվիրվում է աշխարհի բոլոր տեսակ գլուխկոտրուկներին, որոնցով կարող է զբաղվել մեր միտքը։
Ի դեպ, գիտնականներն ասում են, որ գլուխկոտրուկներով զբաղվելիս մարդու գլխուղեղի երկու կիսագունդն էլ ակտիվանում են՝ այդպես վարժեցնելով հիշողությունը, երևակայությունը և ուշադրությունը։
Անուշ–Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային
թատրոնում բացվել է «ՆԻՆԳՅՈ. ճապոնական տիկնիկների արվեստը
և գեղեցկությունը» ցուցահանդեսը, որը կազմակերպել է Ճապոնիայի
դեսպանությունը: ։ Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ հուլիսի 27-ը,
ներկայացվում է ճապոնական տիկնիկների մշակույթը:
Արամիդա–«Ճապոնական մշակույթը հայտնի է իր յուրահատուկ և բազմազան արվեստի ձևերով, և այս տիկնիկներն էլ բացառություն չեն»,–նշել է ցուցահանդեսի բացման ժամանակ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին: Այս տիկնիկները ներկայացնում են ճապոնական մշակութային հարուստ ժառանգությունը՝ ներառյալ հնագույն ավանդույթներն ու սովորույթները:
–Հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 27–ը Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Մուտքն ազատ է։
–Իսկ հիմա առաջարկում ենք ձեզ լսել Աշխարհի մանկական
թանգարանները շարքի հերթական զրույցը։
1 րոպե կարդալու