Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Այս տոնը հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Համաձայն Ավետարանի` այդ օրը Հիսուսը, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում է։
Այս տոնին նախորդում է շաբաթապահքը, դե իսկ հաջորդ օրն էլ, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ։
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով հայտնում է իր Աստվածությունը:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը: