Մայրիկի դպրոց

Դեռահասն ընդդեմ «ընտանեկան արժեհամակարգի»․ Մայրիկի դպրոց

Մայրիկի դպրոցում հյուրընկալել ենք հոգեբան Արմինե Վարդանյանին։

Հարց – Արմինե, երբ մեր հանդիպումների ժամանակ քննարկում ենք
տարբեր խնդրային իրավիճակներ, Դուք հաճախ եք օգտագործում «մեր
ընտանեկան արժեհամակարգ» արտահայտությունը։ «Եթե դա դեմ է մեր
ընտանեկան արժեհամակարգին, ապա․․․»․ սա այն արտահայտությունն
է, որն առավել խիստ դիրքորոշման մասին է ազդարարում։
Իսկ ի՞նչ անել բոլոր այն դեպքերում, երբ մեր դեռահասը հե՛նց մեր
ընտանեկան արժեհամակարգն է մերժում, և իր անհաշտությունը հե՛նց
այդ արժեհամակարգի հետ է։


Ա․ Վարդանյան – Շատ ծնողներ նկատած կլինեն, որ մինչև
դեռահասության փուլ թևակոխելը նմանատիպ խնդիրների չեն էլ
առնչվում, և ըմբոստություններն ուղղակի իրավիճակների հետ են
կապված լինում, օրինակ՝ «չեմ ուզում միասին ընթրենք, որովհետև ես
քաղցած չեմ» կասի երեխան ավելի փոքր տարիքում, իսկ
դեռահասության շրջանում ուղղակի կարող է ասել՝ «ես չեմ ուզում ձեր
ընդունած կանոնին ենթարկվել, հավես չի ձեզ հետ ամեն օր նստել
ընթրելը», և առանձնանա իր սենյակում։

Սա կարող է լինել օրինակներից մեկը։ Կամ՝ ես չեմ ուզում գալ
տատիկի և պապիկի տուն, որովհետև ես իրենց չեմ կարոտել․ դուք
կարոտել եք, դու՛ք էլ գնացեք։


Հենց դեռահասության տարիքում են սկսվում նմանատիպ
դրսևորումները, որովհետև երեխան մեծանում է։ Մեծանում է ոչ միայն
ֆիզիկապես, այլև հոգեպես, նրա մտավոր կարողություններն են սկսում
զարգանալ, և երեխան սկսում է արդեն իսկ առկա սկզբունքներն ու
մոտեցումները, իրեն թելադրված որոշ երևույթներ ընդունել մի փոքր
քննադատական մոտեցմամբ, երբեմն էլ՝ ոչ թե «մի փոքր», այլ բուռն
քննադատական մոտեցմամբ։


Եվ սա՝ երբեմն առանց շատ մանրակրկիտ վերլուծության, ուղղակի,
որովհետև դա մեծահասակն է ասել և դա իրենը չէ։ Քանի որ այս
շրջանում իրենք իրենց «եսը» կարևորելու, «եսը» զարգացնելու,
«եսը» ցույց տալու, «եսը» դրսևորելու պահանջմունք ունեն, սա
կարող է ուղղակի ըմբոստություն լինել՝ հակադրվելու ձևով և՝
ցանկացած իրավիճակում, անկախ նրանից՝ իրենք ներքուստ համաձա՞յն
են դրա հետ, թե՞ ոչ։


Սովորաբար սա ծնողների մոտ անհանգստություն առաջացնում է, և
մենք սկսում ենք մտածել, վախենալ, որ մեր երեխան կգնա վատ ուղիով,
կարող է չլինել այնպիսին, ինչպիսին մենք մեր ընտանիքում
կցանկանայինք, որ նա լիներ։


Այս բոլոր իրավիճակներում շատ կարևոր է մինչև գործողության
անցնելը նախ փորձել հասկանալ՝ որտե՛ղ է երեխան, ի՛նչ է մեզ ասում, ի՛նչ հաղորդագրություն է մեզ փոխանցում և ի՛նչ փուլում ենք մենք այս
պահին գտնվում․ սա դեռահասության դրսևորու՞մն է, ուղղակի
ըմբոստությու՞ն է, երեխայի մտածական գործընթացների արդյու՞նքն է,
թե՞ չէ։ Երբ մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում, նոր
հաջորդում են գործողությունները։ Այո՛, կարող են լինել
իրավիճակներ, երբ ծնողի գործողությունները շատ կտրուկ լինեն․․․


Շարունակությունը՝ զրույցում

Ցուցադրել ավելի
Back to top button