Այսօր օգոստոսի 10-ն է։ Օդերևութաբաններն արդեն քանի օր է ՝ զգուշացնում են՝ այսօրվանից սկսած մի քանի օր շա՜տ–շա՜տ շոգ է լինելու։ Պետք է չմոռանալ ջրով լի շիշ վերցնել, գլխարկ և արևային ակնոց․ զինվենք, որ դիմանանք խոստացված շոգին․․․
Եթե պատրաստվում եք տնից դուրս գալ, խորհուրդ ենք տալիս՝ մի՛ մոռացեք ձեզ հետ վերցնել այս ամենը, բայց իհարկե, ամենակարևորը՝ աշխատեք այսօր որքան հնարավոր է՝ տանը մնալ․․․
Ընտրում եք տան ամենազով անկյունը, վերցնում եք մի լավ գիրք, այնպիսին, որ ձեզ կլանի ամբողջովին, մի բաժակ սառը, համով ջուր կամ հյութ, որը կուզեք, և չեք էլ նկատի, որ Հայաստան են բարեհաճել ժամանել տաք օդային հոսանքները․․․
Լավ գիրք և լավ ֆի՛լմ, հենց այն ֆիլմը, որը վաղուց որոշել էիք դիտել․․․
Եթե ձեզ հարցնեն՝ ինչ հայտնի թանգարաններ կան աշխարհում, առաջինը թերևս բոլորդ ասեք Լուվրը Փարիզում․․․
Պարզվում է 1793 թվականի հենց այս օրը՝ օգոստոսի 10-ին է Լուվրն առաջին անգամ բացվել որպես ազգային գեղարվեստական թանգարան հասարակության համար։
Թանգարանի հավաքածուի հիմքում թագավորական հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են թե՛ եկեղեցիների, թե՛ մասնավոր անձանց հավաքածուներով։ Այսօր թանգարանում պահվում է ավելի քան 400000 ցուցանմուշ, Լուվրն էլ շարունակում է մնալ այն վայրը, որտեղ թեկուզ մեկ անգամ հայտնվելու մասին երազում են բոլորը, կամ՝ գրեթե բոլորը․․․
Գրինվիչի միջօրեականի մասին ե՞րբ եք իմացել առաջին անգամ՝ դպրոցու՞մ, աշխարհագրության ժամի՞ն, թե՞ մինչև այդ, երբ կարդացիք ծովային ճանապարհորդությունների մասին պատմող առաջին արկածային գիրքը։
Երբ էլ լինի, Գրինվիչի միջօրեկանի մասին գիտեք հաստատ․ դա այն միջօրեականն է, որն ընդունված է համարել զրոյական միջօրեական և որն անցնում է Գրիվիչի աստղադիտարանի վրայով։
348 տարի առաջ՝ 1675 թվականի օգոստոսի 10-ին է դրվել այս հայտնի աստղադիտարանի հիմնաքարը։
Հեռավոր այդ ժամանակներում բոլոր այն երկրները, որոնց համար կենսական նշանակություն ուներ նավագնացությունը, մի քանի կարևոր խնդիրներ պետք է լուծեին՝ անվտանգ դարձնելու համար ծովային ճամփորդությունները։ Եվ դրանցից մեկն էլ աշխարհագրական երկայնությունը որոշելն էր։
Բանն այն է, որ աշխարհագրական լայնությունը որոշելն առանձնապես բարդ չէր․ դա հաշվարկվում էր Բևեռային աստղի օգնությամբ, իսկ այ, երկայնության որոշումը ավելի երկար ջանքեր էր պահանջում։
Սկզբունքորեն անհնար խնդիր չէր․ դա կարելի էր որոշել Լուսնի դիրքի հետազոտությունների հիման վրա, և Անգլիայի թագավոր Չարլզ 2–րդ Ստյուարտը 1674 թվականի դեկտեմբերին հիմնեց այս խնդրով զբաղվող թագավորական հանձնաժողով։
Թագավորը խնդրի լուծումը հանձնարարեց աստղագետ Ջոն Ֆլեմստիդին, որի ղեկավարությամբ սկսեցին կազմվել Լուսնի տեղաշարժի աղյուսակներ, ավելի քան 3000 վառ աստղերի դիրքի մասին ցանկ, արվեցին աստղաչափական հետազոտություններ։
Նոր թագավորական աստղադիտարանի համար վայրի ընտրությունը կանգ առավ Գրինվիչ տեղանքի վրա, որտեղ էլ 1675 թվականի օգոստոսի 10–ին դրվեց Գրինվիչի աստղադիտարանի հիմնաքարը։
Իսկ 1884 թվականի վաշինգտոնյան համաժողովում աշխարհագրական երկայնությունը որոշելու համար որպես զրոյական միջօրեական ընդունվեց այն միջօրեականը, որն անցնում էր Գրինվիչով։