Ցանկացած ընտանիքում երեխայի առաջին անգամ դպրոց գնալը իրադարձություն է, որին ընտանիքը նախապատրաստվում է։
Կան բաներ, որոնց երեխան և ծնողները միասին են նախապատրաստվում, ասենք՝ հագուստի, պայուսակի, գրենական պիտույքների ընտրությունը, գնումը։
Բայց դպրոցին նախապատրաստությունը միայն այսքանը չի ենթադրում․ դա նաև երեխայի հոգեբանական նախապատրաստությունն է և օրվա ռեժիմի կարգավորումը, որի շատ կարևոր բաղադրիչը քնի ռեժիմի կարգավորումն է։
Կարելի է, իհարկե, ամեն ինչ թղնել ժամանակին և ասել՝ ժամանակի հետ կկարգավորվի, բայց կարելի է նաև ամառվա այս վերջին օրերը տրամադրել առաջինդասարանցիների քնի ռեժիմը կարգավորելուն, հատկապես որ՝ ամառը բոլոր երեխաների քնի ռեժիմը խախտել է։
Այս մասին է հոգեբան, մանկական քնի մասնագետ Էմմա Արզիևայի հետ զրույցը։
Է․Արզիևա – Այո, շատ կարևոր հարց է, և լավ ժամանակ ենք ընտրել այս հարցին անդրադառնալու համար, որովհետև հաճախ ծնողները, իսկապես, վերջին օրերին են թողնում այս խնդիրը կարգավորելը կամ ընդհանրապես ոչինչ չեն անում՝ մտածելով, որ՝ դե, սեպտեմբերի 1–ից կգնա դպրոց, և ամեն ինչ հունի մեջ կընկնի։ Բայց մեր օրգանիզմը շատ խելացի է և այդ կտրուկ փոփոխություններին արձագանքում է որպես սթրեսի, որպես վտանգի․ օրգանիզմում լրացուցիչ անհանգստության հորմոններ են արտադրվում, որովհետև օրգանիզմը պատրաստ չէ այդ կտրուկ փոփոխություններին։
Ցանկալի է, որ ուսումնական տարեսկզբից գոնե 10 օր առաջ սկսեն վերանայել երեխաների քնի ռիթմը։ Եթե երեխան առավոտները ուշ է արթնանում, ավելի կեսօրին մոտ է արթնանում, պետք է գոնե մեկական ժամով սկսել հետ տալ այդ ժամանակը, բերել այն օպտիմալ ժամին, երբ երեխան պետք է արթնանա դպրոց գնալիս։
Ինչ վերաբերում է գիշերային քնի կարգավորմանը, ապա այստեղ էլ գործ ունենք անելու։ Հաճախ ծնողները, երբ դիմում են քնի խորհրդատվության համար, և ես իրենց հորդորում եմ քնի մուտքն սկսել ժ․21–ից 21․30–ի տիրույթում, հետաքրքրությամբ հետևում եմ նրանց դեմքի արտահայտությանն ու աչքերում զարմանքին, որը նշանակում է․ «Ո՞նց կարող է երեխան այդ ժամին քնել մանավանդ ամռանը, եթե երեխաներն օրվա հենց ա՛յդ հատվածում են իջնում բակ խաղալու»։
Բայց դրա համար մենք ունեինք ողջ ամառը, իսկ հիմա այն օպտիմալ ժամանակն է, երբ պետք է երեխային սովորեցնենք առավոտյան շուտ արթնանալուն և երեկոյան շուտ քնելուն, որովհետև ի գիտություն պետք է ընդունենք, որ 6–7 տարեկան երեխայի քնի նորման 10,5–ից 11 ժամն է, որն անպայման պետք է լրացնել․․․
Շարունակությունը՝ զրույցում: